Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/374

Այս էջը հաստատված է

Աշխենի համառ հայացքից, նրա հրամայողական ձայնից օր. Սահակյանն այն աստիճան շփոթվեց, որ դեմքն անգիտակցաբար շրջեց նրանից։ Այնուհետև զգաց, որ Աշխենի մատները սաստիկ սեղմում են իր թևը, և երբ դարձավ ու նայեց ընկերուհու դեմքին, վախից քարացավ.— Աշխենի դեմքը մեռելի գույն էր ստացել, աչքերը չռած էին անսովոր սարսափով։

— Մեռե՞լ է,— աղաղակեց Աշխենը խելագարի պես։

— Ո՞վ... ի՞նչ ես ասում։

— Եվան։

— Գի՞ժ ես, ինչ ես, ինչեր ես դուրս տալիս։

— Ասա՛, թե չէ՝ այս րոպեիս ինձ կառքի տակ ձգեցի։

Եվ Աշխենը մինչև անգամ փորձեց, որ վեր կենա, բայց օր. Սահակյանը վրա ընկավ նրան և պինդ պահեց իր տեղը։

— Հիմա՛ր, խելագա՛ր,— բացականչեց նա։— Տեղդ հանգիստ նստիր, թե չէ... Ինչե՜ր ես անում, ի՜նչ հիմար բաներ ես մտածում։ Ո՞րտեղից խելքիդ փչեց, թե մեռել է։ Մեռել է, չէ, փտել է։

— Ա՛խ, անաստված, ինչո՞ւ ես սպանում ինձ,— արտասանեց Աշխենը սրտաճմլիկ ձայնով, և նրա աչքերը լցվեցին արտասուքով։

— Աշխեն ջա՜ն, խնդրում եմ հանգիստ մնա. Եվան ողջ և առողջ է, աստված է վկա, երդվում եմ արևովդ, ողջ և առողջ է։

— Չէ, չեմ հավատում, Վարո ջան. մեր տանը մի բան պատահել է, և դու ծածկում ես ինձնից։

— Հա՛, պատահել է, հիմա՞,— բացականչեց օր. Սահայանն ինքն իր անվստահության վրա զայրացած։

Աշխենը նոր սարսափով վրա ընկավ նրա ձեռքերին։

— Պատահե՞լ է... ի՞նչ... ո՞ւմ... Ասա՛, աղաչում եմ, ասա։

Օր. Սահակյանը կամեցավ մի անգամից վերջ տալ այդ անտանելի դրությանը։

— Պատահել է, բայց... ոչ Եվային, ինչպես դու ես կարծում:

— Հապա՞... հայրիկի՞ն... մայրիկի՞ն... Սուրենի՞ն... Հա՞:

— Չէ՛, չէ՛։

— Հապա՞, հապա՞։