Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/38

Այս էջը հաստատված է

դարձնում Աշխենի վրա, երևի նրա համար, որ Եվան էր գրավել նրան, կամ նրա համար, որ Աշխենը ոչնչով ցույց չէր տալիս իրեն, բայց այժմ այդ աղջիկն սկսեց հետաքրքրել նրան, և այդ հետաքրքրությունը լոկ կարեկցություն էր շարժում նրա բարի սրտում։

6

Անցավ մի, երկու, երեք... տասն օր։ Շահյանը սաստիկ ցանկանում էր Մարությաններին այցելել։ Թեև ինքն իրեն չէր ուզում խոստովանել, բայց պարզորեն զգում էր, որ իրեն դեպի Մարությանների տուն գրավողն Եվան էր։ Բայց նրա բնավորության իրեն սաստիկ ատելի կողմերից մեկն էլ այն էր, որ նա երբեք այնքան համարձակություն չէր ունեցել, որ ազատ կերպով այցելեր ոչ թե միայն իր նորածանոթ կամ հեռավոր բարեկամներին, այլև, մինչև անգամ, ամենամոտ ազգականներին։

Ամոթխածությունը չէր միայն, որ այդ համարձակությունը չէր տվել նրան, այլև իր վերին աստիճանի կասկածամտությունը. նրան միշտ թվում էր, որ եթե աննպատակ կերպով, հենց այնպես, լոկ այցելած լինելու համար այցելեր իր բաեկամներին, նրանք պետք է ընդունեին իրեն լոկ քաղաքավարությունից դրդված և մտքներումը պիտի ասեին դժգոհությամբ՝ ինչո՞ւ է եկել։ Այդտեղ էլ երևում էր նրա նեղ, վախկոտ անձնասիրությունը, որը միշտ այն հոգսումն էր, թե ինչպես անի, որ ոչ ոք, թեկուզ մտքումը, չվիրավորի իրեն։ Այդ էր պատճառը, որ նա չէր վստահանում գնալ Մարությանների տուն։

Մի երեկո, վերջապես, ստիպեց իրեն, որ գնա, գնաց և... ետ դարձավ Մարությանների դռնից։

Այդպես անցավ մոտ երկու շաբաթ։ Մարությաններին այցելելու և Եվային տեսնելու ցանկությունն սկսեց հետզհետե սառչել նրա մեջ. նույնիսկ Եվայի նրա վրա թողած տպավորությունն սկսեց անցնել։