Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/381

Այս էջը հաստատված է

կրծքին խոնարհած։ Հանկարծ գլուխը բարձրացրեց և հարցրեց.

— Ուրիշ տեղեկություն չունի՞ք։

— Մեր ունեցած տեղեկությունն այդ է միայն,— պատասխանեց Եվան։

— Ինչպե՞ս... սրանի՞ց եք միմիայն իմացել։

— Այո։

Աշխենի մեռած դեմքը հանկարծ կենդանություն ստացավ, հույսը վառվեց նրա հանգած աչքերի մեջ։ Նա վեր թռավ տեղից։

— Իսկ եթե սո՞ւտ լինի,— աղաղակեց նա։— Քի՞չ այսպիսի ստեր են գրում ժողովրդին գրգռելու համար...

Եվան վշտահար շարժեց գլուխը։

— Մենք էլ սկզբում այդպես էինք կարծում,— ասաց նա,— բայց ստուգեցինք և, դժբախտաբար, ճիշտ դուրս եկավ։ Ա՜խ, եթե սուտ լիներ, եթե սուտ լիներ,— ավարտեց Եվան ծանր հառաչանքով։

Խաբուսիկ հույսը հանգավ Աշխենի աչքերի մեջ։ Նորից թուլացած նստեց, խոնարհվեց ծնկների վրա և ճակատն առավ ձեռքերի մեջ։ «Եթե սուտ լիներ... եթե սուտ լիներ...»,— կրկնում էր մտքումը Եվայի խոսքերը։

Եվան նստեց նրա մոտ և այս անգամ հանգիստ կերպով սկսեց մանրամասնորեն պատմել, թե եղբոր մահվան գույժն ինչ ազդեցություն և հետևանք ունեցավ իրենց տանը, թե ինչու այդ մասին ոչինչ չէին գրում Աշխենին և ինչու իրենցից ոչ ոք չգնաց երկաթուղու կայարան նրան դիմավորելու։ Բայց Եվան ոչ մի խոսք չարտասանեց Բազենյանի մասին, որը պատճառ էր դարձել Արմենակի մահվան գույժն առնելուն։ Բազենյանի մասին ոչին չէր ուզում պատմել ոչ թե նրա համար, որ ամաչում էր Աշխենից և չէր ուզում, որ նա իմանա, թե ինչպես ինքը խաբվել էր այդ բախտախնդիր երիտասարդից, այլ նրա՛ համար միայն, որ նույնիսկ Բազենյանի անունը լոկ խորին զզվանք ու զայրույթ էր ազդում նրան։

Եվան լռեց և սպասում էր, թե Աշխենը կխոսի, բայց Աշխենը շարունակ խոնարհված էր ծնկների վրա և այնքան հանգիստ էր երևում, որ թվում էր, թե մինչև անգամ չի շնչում։ Եվան կամաց գրկեց նրա իրանը։