Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/384

Այս էջը հաստատված է

տեսնում էր, որ նա կամ ամենևին չի քնել, կամ շատ քիչ է քնել — այնքա՛ն նրա դեմքը գունատ, աչքերը ուռած, կարմրած և մեռած էին լինում։

Աշխենի այդ վիճակը տեսնելով, Եվան մոռացել էր իր սեփական վիշտը։ Նա մտաբերում էր Աշխենի վերջին նամակը, համեմատում էր այդ նամակի մեջ արտահայտված ուրախությունը հորեղբոր աղջկա այժմյան թշվառության հետ, և անհուն կարեկցությունից ճմլվում էր նրա սիրտը, արտասուքով լցվում էին նրա աչքերը։ Զգում էր, որ եթե Աշխենը վշտի և հուսահատության արտասուքներ թափեր, խոսքեր արտասաներ,— այնքան չէր ազդիլ իրեն, որքան ազդում էր իր այդ վերին աստիճանի խաղաղ դրությամբ, այդ հանդարտ, ցամաք աչքերով, այդ անտրտունջ լռությամբ։ Նրա առաջ ներկայանում էր վերին աստիճանի սրտաշարժ մի պատկեր. նա տեսնում էր, որ բարձրաձայն բողոքելու իրավունք ունեցողը լուռ և անտրտունջ խոնարհվում է ճակատագրին։ Դա զուտ քրիստոնեական համբերության փառավոր մի հաղթանակ էր, որ մի աղջիկ, մի թույլ արարած, կարողանում էր մարմնացնել իր մեջ։

Աշխենի անհուն վիշտն այդպիսի արտահայտությամբ իսկապես ոչ թե վիշտն էր ներկայանում Եվային, այլ հոգին ու սիրտը վեհացնող, մարդուն իր բոլոր մարմնական-անցողականը մոռացնող և աստվածության հասցնող գերբնական մի երջանկություն, որին նախանձում էր բոլոր սրտով։ Եվ ինչպե՞ս չնախանձեր, երբ, կամա-ակամա համեմատելով, տեսնում էր, թե ի՜նչ ահագին վիհ կար իր սիրած երիտասարդի — Բազենյանի և Աշխենի սիրած երիտասարդի — Արմենակի միջև։ Եվ մինչդեռ ինքն իր սիրած երիտասարդի լոկ անունն անգամ միշտ քստմնելով պիտի հիշի, Աշխենը, ընդհակառակը, ցմահ պաշտելով, շարունակ պիտի փայփայի իր սրտի խորքում այն երիտասարդի հիշատակը, որի շրթունքները մահվան վերջին րոպեին, ո՞վ գիտե, գուցե նրա անունն են շշնջացել։ Գոնե Եվան այնպես էր զգում, որ ինքը չափազանց երջանիկ կլիներ, եթե իր սերը ծագեր նման պայմաններում, ինչպես Աշխենինը, և իր սիրած երիտասարդը գեթ հեռավոր կերպով նման լիներ Արմենակին և