Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/387

Այս էջը հաստատված է

բայց այժմ, կրիտիկական այս վայրկյաններին եմ միայն զգում, թե դրանով ի՞նչ սոսկալի թշվառության աղբյուր եմ պատրաստել ինձ համար։ Երևակայիր, որ երբեմն նույնիսկ այնպես է թվում ինձ, թե վիշտս կեղծ է, որովհետև ինչո՞ւ չպետք է ամեն գիշեր ողողեմ բարձս արտասուքներով, ինչո՞ւ չպետք է խելագարվեմ վշտից, ինչո՞ւ այսպիսի մի ճգնաժամին կարողանում եմ այսպես և այս աստիճան սանձահարել ինձ։ Ի՞նչ է նշանակում այս.— մի՞թե այն, որ ես արհեստական կերպով դուրս եմ շպրտել ինձ բնական օրենքների սահմանից և խարխափում եմ ինչ-որ անծանոթ, ոչ-մարդկային, վայրենի զգացումների և մտածողությունների աշխարհում... Լսի՛ր, Եվա։ Մի՛ լռիր այդպես, խոսի՛ր։ Ասա՛, գուցե, հիրավի, սիրտս մեռել է արդեն, գուցե իսպառ կորցրել եմ արդեն զգալու ընդունակությունը, գուցե վիշտս երևակայում եմ միայն, այլ ոչ զգում... Ասա՛, Եվա ջան, ասա՛, աղաչում եմ. ի՞նչ ես մտածում, ի՞նչ է մտածում այս մասին քո... սիրտը։

— Իմ սի՞րտը,— շշնջաց Եվան, և, գրկելով Աշխենի իրանը, պինդ սեղմեց կրծքին։— Ականջ դիր և կլսես, թե ինչ է մտածում սիրտս. նա նախանձում է քեզ...

Աշխենը ձեռքով արագ փակեց նրա բերանը։

— Նախանձո՞ւմ,— զարմանքով և սարսափով արտասանեց նա։— Անմիտ, այդ ի՞նչ ես ասում...

— Այո՛, նախանձում եմ քեզ, Աշխեն, ամբողջ սրտովս նախանձում,— եռանդով վրա բերեց Եվան,— որովհետև ես հազարապատիկ ավելի թշվառ եմ, քան թե դու... Դու չգիտես, դու ոչինչ չգիտես... Եթե իմանաս, թե քո բացակայության ժամանակ ինչե՜ր են պատահել ինձ... Այդ մասին մինչև այժմ ոչինչ չեմ ասել քեզ, նամակներումս էլ ոչինչ չեմ գրել, որովհետև կամեցել եմ մոռացության տալ ա՛յն, ինչ որ պատահեց։ Իսկ այն, ինչ որ պատահեց, այն աստիճան վշտացրել է սիրտս, այն աստիճան վրդովել է հոգիս, որ ինձ թվում է, թե այլևս այն չեմ, ինչ որ առաջ։ Գիտես, թե առաջ ինչքան միամիտ էի, ինչքան պայծառ ու մաքուր հայացք ունեի մարդկանց և աշխարհի վրա. իսկ այժմ ամեն ինչ կեղծ, ստոր, զզվելի է թվում ինձ և այնքան խարդախ, որ ես պատրաստ եմ նույնիսկ ամենամեծ սրբությանը չհավատալ։