Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/394

Այս էջը հաստատված է

և Աշխենին այնքան զվարթ էր տեսնում այդ օրը։ Քայլում էր կայտառ քայլերով և զգում էր, թե վերադարձել է իր նախկին աշխույժը։ Եվ շրջապատն ավելի քան հարմարում էր նրա տրամադրությանը։ Օրթոդոքսների ծննդյան տոներն էին և մոտենում էր Նոր տարին։ Փողոցները լիքն էին ցնծալի դեմքերով։ Օդն աղմկում էր ուրախական բացականչություններով։ Մարդիկ և կանայք, իրար անցած, մրջյունների պես, տանում էին՝ ոմանք — տոնածառ, ոմանք — կողովներով լի ուտելեղեն, ոմանք — փաթեթների մեջ նոր հագուստեղեն, ոմանք — ո՞վ գիտե ի՛նչ, միայն թե ամենքը մի բան տանում էին, շտապում էին ուր-որ. ոչ ոք պարապ չէր, ամենքը զբաղված էին և ամենքի դեմքի վրա տոնական ցնծալի արտահայտություն կար։ Եվ ձմեռային սառնամանիքն ուրույն գրավչություն էր տալիս այդ ընդհանուր կենդանությանն ու ժխորին։

«Ֆրանսիա» հյուրանոցում Մարությանը Մինասյանին գտավ իր սենյակում թեյ խմելիս։ Մինասյանը նստած էր ձմեռային բավական հնացած վերարկուով և գլխարկով, առաջը դրած էր ձեռագիր մի տետրակ և համ թեյ էր խմում, համ մատիտով ուղղում ձեռագիրը։ Սկզբում բավական շփոթվեց և չճանաչեց Մարությանին, բայց երբ Մարոլթյանը տվեց իր անունը, գլխարկը վերցրեց և պինդ սեղմեց նրա ձեռքը։

— Պետք է ներեք ինձ, որ չճանաչեցի,— ասաց նա.— չէ որ ձեզ միայն մի անգամ եմ տեսել և, բացի դրանից, դուք չափազանց փոխվել եք. ես ձեզ այդպես ծերացած չեմ տեսել երեք ամիս առաջ։

Մարությանը հառաչեց։

— Մի՞թե դուք չեք իմացել մեզ պատահած դժբախտությունը։

— Այո, օրիորդ Սահակյանը ինձ պատմեց երեկ։ Ձեր որդու մահը չափազանց ցավալի է։

— Ի՞նչ արած։ Նախախնամության տնօրինությունը մարդս չի կարող հասկանալ. գուցե որդուս մահն անհրաժեշտ էր այն գործի համար, որի համար մեռավ, գուցե նա ավետարանական ցորենի այն հատիկն էր, որ մեռնում է բազում արդյունք տալու համար,— ո՞վ գիտե... Գոնե ես աշխատում եմ դրանով մխիթարվել և, փառք աստծո, շատ էլ