Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/396

Այս էջը հաստատված է

սկսեց սովորական ողբն իր որդու մահվան համար։ Մի բան, որ իսկույն նկատեց Մինասյանը, այդ՝ Աշխենի մեջ կատարված փոփոխությունն էր։ Օր. Սահակյանը նախորդ օրը, իբրև գաղտնիք, պատմել էր նրան, թե ինչ կապ կար Աշխենի և Մարությանի սպանված որդու միջև, և այդ բանը բավական զորեղ տպավորություն էր թողել նրա վրա։ Այժմ նրան այնքան չէր ազդում որդեկորույս մոր աղեկտուր ողբը, որքան իր ծանր վիճակի հետ հաշտված Աշխենի լուռ վիշտը։ Գյուղում, իրենց ամենօրյա հարաբերությունների ժամանակ, Մինասյանն արդեն կարողացել էր մի անգամ առմիշտ գնահատել Աշխենի արժանիքները, չափազանց հարգում էր նրան և, միևնույն ժամանակ, եղբայրական այնպիսի մի քնքուշ սեր էր տածում դեպի նա, որ այժմ հոգով չափ ցանկանում էր որևէ բանով մխիթարած լինել նրան, բայց ոչ մի խոսք չկարողացավ արտասանել, այլ միայն լուռ և խիստ զգացված սեղմեց նրա ձեռքը։ Մինչդեռ Եվային կարողացավ մի քանի մխիթարական խոսքեր ասել։ Եվան, որ սկզբում զսպում էր իրեն, այժմ չկարողացավ դիմանալ և սկսեց լաց լինել մոր հետ։ Աշխենը ներքին շրթունքներն առավ ատամների մեջ, նրա քթի պնչերը սաստիկ լայնացան, աչքերը լցվեցին արցունքով, և նա կամաց դուրս գնաց։

Մարությանները Մինասյանին հատկացրին առանձին սենյակ բոլոր հարմարություններով և ամեն կերպ աշխատում կին չճնշել նրա ազատությունը։ Առաջին իսկ օրվանից զգալի եղավ Մինասյանի բարերար ազդեցությունը. ընտանեկան ծանր դժբախտության տակ ճնված Մարությաններն ունեին մի հյուր, որ իր կենսաթրթիռ հայացքներով մեծ խթան էր նրանց համար վերակենդանանալու։ Ձմեռային երկար գիշերներն ամենքը հավաքվում էին սեղանի շուրջը, գրեթե ամեն գիշեր նրանց հետ էր լինում օր. Աահակյանը, և լուսամուտների փեղկերը փակված, պայծառ լուսավորված տաք սենյակում մինչև ուշ գիշեր տեղի էր ունենում ընդհանուր կենդանի զրուցագրություն այնպիսի առարկաների և երևույթների մասին, որոնք ընդունակ են բարձրացնելու մարդու սիրտը, հոգին, միտքը։ Ժամերն անցնում էին թեթև, աննկատելի, նույնիսկ երբեմն սենյակում բարձրանում էր ուրախ առողջ մի քրքիջ: