Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/40

Այս էջը հաստատված է

— Տա՞նն են,— սովորականից ավելի բարձր ձայնով հարցրեց նա դուռը բաց անող ծաոային:

— Ո՞ւմն եք կամենում,— իր պստիկ, ցավագար աչքերով նայելով նրան, հարցրեց ծառան:

— Մարությաններին։ Տանը չե՞ն։

— Ո՞վ է,— վերևից, նախասենյակից, լսվեց Թեկլեի ձայնը։

Շահյանը տեսավ Մարությանի կնոջը, որը ոլորապտույտ սանդուղքի վանդակապատից նայում էր ներքև։

— Ես եմ, տիկին: Բարև ձեզ,— կանչեց նա և շտապով ներս մտավ։— Կարելի՞ է։

— Ա՜խ, դո՞ւք եք։ Համեցեք, համեցեք, խնդրեմ։ Վերջապես մեզ հիշեցիք։

— Ի՞նչ անեմ, տիկին,— վրա բերեց Շահյանը, շտապ քայլերով վերև բարձրանալով.— ամեն օր մի նոր գործ էր պատահում, այնպես որ այսօր միայն հազիվ կարողացա ժամանակ գտնել ձեզ այցելելու։

Այդ խոսքերը նա պատրաստել էր Մարությանի համար, բայց տեսավ, որ դրանք շատ հարմար եկան նրա կնոջն ասելու։

Թեկլեն հրավիրեց նրան հյուրասենյակ, խնդրեց, որ նստի, և ինքը նստեց նրա դիմաց։ Ասաց, որ ինքը մենակ է մնացել տանը. Աշխենը հենց նոր դուրս գնաց, իսկ ամուսինն ու աղջիկը Սուրենի հետ ճաշից հետո գնացել են զբոսանքի և, երևի, շուտով կվերադառնան։

Լսելով այգ, Շահյանն անհաջող համարեց իր առաջին այցելությունը։ Նրան սկսեց մտահոգություն պատճառել այն հանգամանքը, թե ինչ պիտի խոսի ինքը մեն-մենակ այդ կնոջ հետ մինչև Մարությանի և Եվայի վերադարձը, իսկ նրանք կարող էին շատ ուշանալ։ Սակայն շուտով ուրախությամբ տեսավ, որ Թեկլեն գրեթե չի թողնում իրեն խոսելու։ Տիկինը խոսում էր անվերջ. խոսում էր իր մասին, իրենց ընտանիքի անդամների մասին, թատրոնում ներկայացված պիեսի մասին, իրենց տան ներքին հարկում ապրող չինովնիկի մասին, իրենց ծառաների մասին։ Խոսում էր այնպիսի մանրամասնություններով, որ Շահյանը զարմանում էր, թե որտեղի՞ց է գտնում այդքան բառեր և ինչպե՞ս չի հոգնում