Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/400

Այս էջը հաստատված է

— Դու կորա՜ծ ես, Լևոն,— բացականչեց Մինասյանը։— Միթե Շոպենհաուերն է քեզ այդպես վայրենացրել, եթե ավելին չասեմ։ Բայց քեզ այդպես չի կարելի թողնել. քեզ անպատճառ հարկավոր է բժշկել և հիմնավորապես բժշկել։ Ես քեզ շատ բարի էի կարծում, մինչդեռ ամենաանխիղճներից մեկն ես եղել։ Գիտե՞ս մայրդ այս րոպեիս ինչպես էր գանգատվում քեզնից։ Մեղք չէ՞ այն խեղճ պառավը։ Կարելի՞ է միթե մորն այդպես տանջել։ Ինչո՞ւ չես մտնում նրա դրությունը։ Մի՞թե չես հասկանում և չես տեսնում, թե ի՛նչ սակալի տանջանքներ է կրում, որ քեզ այդ դրության մեջ է տեսնում։ Իսկ դու երբևիցե ուշադրություն դարձրե՞լ ես դրությանդ վրա։ Մեկ նայիր հայելու մեջ, տես ինչ ես դարձել։ Ճիշտը քեզ ասեմ, չճանաչեցի, որ մտա, և այժմ էլ չեմ ուզում հավատալ, թե այդ դու ես։ Մի՞թե կարելի է, որ մարդ կամովին ինքն իրեն այդպես սպանի։ Երիտասարդ մարդ ես, ի՞նչ ես նստել տան չորս պատերի մեջ և ուղեղդ ու մարմինդ փտեցնում մետաֆիզիկական տխմար վերացումների մեջ։ Մի քիչ թափահարիր քեզ, շարժվիր, դուրս արի լույս աշխարհ, պարզ օդ ծծիր, շփվիր մարդկանց հետ, վերջապես,— ապահովված մարդ ես,— պսակվիր, զավակներ, ժառանգներ ունեցիր, մխիթարիր պառավ մորդ, որի մինուճար զավակն ես, բախտավորվիր ինքդ և այն ժամանակ, ես համոզված եմ, Շոպենհաուերն ինքդ քո ձեռքով վառարանը կշպրտես։ Ես հասկանում եմ հոռետեսությունը, երբ դա արդյունք է կյանքի դառն փորձության, և այդ դեպքում հոռետեսն արդարանալու հիմքեր ունի, բայց քո հոռետեսությունն ախր լոկ երևակայական է, լոկ մտավորական և բռնազբոսիկ, չունի իրական ոչ մի հիմք, հետևաբար և՝ ոչ մի արդարացում և, համենայն դեպքս, անպայման կործանարար է։ Դու չափազանց անփորձ ես, դու ամենևին չգիտես, թե կյանքի այն աննպատակավորության մեջ, որի վրա հիմնված է քո այդ շոպենհաուերյան հոռետեսական փիլիսոփայությունը, որպիսի մեծ և քաղցր նպատակներ կան, որոնց համար, հավատացնում եմ քեզ, արժե ապրել, գործել և տանջվել։ Լսո՞ւմ ես, Լևոն, ինչ եմ ասում,— հարցրեց Մինասյանը, տեսնելով, որ Շահյանը նստած է թմրած, գլուխը կրծքին կախած։

— Լսում եմ,— կամաց արտասանեց Շահյանը։