Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/405

Այս էջը հաստատված է

երկրի կենարար թացությունից զրկված ծառը։ Այս այն դևն է, որի մասին խոսում էի, որ թաքնված է կնոջ մարմնի մեջ և այնտեղից մտնում է մարդու արյունը, վառում, բորբոքում, գազանացնում է նրան...

Մինասյանը մտառությամբ նայում էր Շահյանի շրթունքներին և աշխատում էր թափանցել նրա հոգու խորքը։

— Գիտե՞ս ինչ կա, Լևոն,— ասաց նա, երկարատև լռությունից հետո.— արի քո հիվանդությանն ուրիշ անուն տանք. դու էրոտոման ես, այն սարսափելի էրոտոմաններից, որոնք անկողին են մտնում կնոջ մարմնի մասին մտածելով, և անկողնից վեր են կենում դարձյալ կնոջ մարմնի մասին մտածելով, բայց կնոջից այնքան հեռու են, որքան երկինքը երկրից։ Խոստովանիր, այդպե՞ս է, թե ոչ։

— Ո՞վ գիտե, գուցե և ճիշտ է դիագնոզդ, բայց ամեն մարդ էրոտոման է առավել կամ նվազ չափով, ոմանք տեսականապես, ոմանք գործնականապես։ Եվ եթե այս հիվանդություն է. ապա ամեն մարդ հիվանդ է և ամեն մարդ, և ամբողջ մարդկությունը պետք է բժշկվի։ Պետք է բժշկվի հիմնովին, արմատից։ Դևը, դևը... Պետք է ոչնչացնել դևը — ահա բժշկության միակ միջոցը։

— Սխալվում ես, Լևոն. դևը ոչ թե պետք է ոչնչացնել,— և անկարելի է ոչնչացնել,— այլ պետք է անվնաս դարձնել և իր բնական ճանապարհը տալ նրան։ Քո դևն այդքան սարսափելի է թվում քեզ, որովհետև շեղվել է իր բնական ճանապարհից։ Մենք կսանձենք նրան։ Վեր կաց։ Ես բժշկության ավելի լավ միջոցը գիտեմ։

Մինասյանը բռնեց Շահյանի երկու ձեռքից և ուզում էր զոռով վեր կացնել նրան, սակայն Շահյանը պինդ խրվեց բազկաթոռի մեջ և դեն հրեց ընկերոջն այնպիսի ուժով, որ Մինասյանն ամենևին չէր սպասում։

— Այդ ի՞նչ կոպիտ վարմունք է,— ասաց Շահյանը, փայլեցնելով նրա վրա իր աչքերը զսպված զայրույթով։— Ես այդպիսի բաներ չեմ սիրում։ Ասացի քեզ, որ Մարությանների տուն չեմ գալ։

— Ուրիշ տեղ կտանեմ։

— Ո՛չ մի տեղ: Եվ խնդրում եմ ինձ հանգիստ թող։ Այդ ի՞նչ խնամակալություն է, չեմ հասկանում։