Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/410

Այս էջը հաստատված է

20


ԻՄ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ


Հիշո՞ւմ ես. այսօր, որ կյանքի գովքն էիր անում, ես ասացի քեզ, որ պատասխանս կստանաս գրավոր։ Արդ՝ ընդունիր գրությունս իբրև իմ պատասխանը և, եթե գտնես, որ ճշմարիտ չեմ ասում, այրիր այս նամակն այնպես, ինչպես որ ես երկրագունդը կայրեի, եթե կարողանայի։

--------------

Հետևում եմ անձնասպանների օրինակին և, այս ողորմելի անոթը — գանգս ցրիվ ածելուց առաջ, նամակներ եմ գրում։ Մորս արդեն գրել եմ։ Հիմա էլ քեզ եմ գրում, կյանքի օրհներգու։ Հա՛, մի նամակ էլ կգրեմ, որ անձնասպանությանս համար ոչ ոքի չմեղադրեն։ Այդպես է կարգը և թող այդպես լինի։ Կամ, եթե ուզում են անպատճառ մեղադրել մեկի, թող մեղադրեն նրան կամ այն բանին (անունը չգիտեմ. հավատացյալներն ասում են, որ անունը աստված է), որի կամքով ես անգոյությունից գոյություն ստացա, ապրեցի ամբողջ 27 տարի առանց իմանալու, թե ինչու, և այժմ գոյությունից նորեն գնում են դեպի անգոյություն՝ զզված և ձանձրացած այն բոլորից, ինչ որ տեսա աշխարհ կոչված այս հսկայական հիմարանոցում։

Զարմանալի տափակություն կա մարդկանց ուղեղի մեջ. երբ որ տեսնում են, որ որևէ մեկի անձնասպանության մեջ շոշափելի կերպով ոչ ոք մեղավոր չէ, նրանք իրենց բոլոր մեղադրանքը թափում են անձնասպանի գլխին։ Մինչդեռ եթե նրանք մտքի մի քիչ խորություն ունենային, փառաց ի փառս պիտի բարձրացնեին անձնասպանին, և ոչ թե մեղադրեին։ Եթե մեղադրանքի — և այն էլ մահացու մեղադրանքի — մի կետ կա առհասարակ բոլոր անձնասպանների համար, այդ ա՛յն է, որ նրանք ապրել են։ Ապրել կնշանակի ամենամեծ հիմարությունը գործել։ Այդ կարելի՞ է մեղադրել նրան, ով չի ցանկանում շարունակել հիմարություն գործել։ Ասում են, որ անձնասպանությունը խելագարության արգասիք է լինում։ Այդպես ասողներն անշուշտ իրենք են խելագար: