Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/411

Այս էջը հաստատված է

Կամ, եթե ըստ իրենց հասկացողության՝ խելագար չեն, խելագարությունը թարս են հասկանում։ Գիտե՞ս որն է իսկական, արտոնյալ խելագարությունը.— ա՛յն, երբ զգում ես, տեսնում ես, համոզված ես, որ կյանքը դատարկ մի բան է, ավելի քան տորիչելյան դատարկությունը, և, այնուամենայնիվ, շարունակում ես ոչ թե միայն ապրել, այլև կաշուցդ դուրս գալ, որ կարելույն չափ երկար ապրես։

Անձնասպանները ոչ թե խելագար են, այլ ամենաիմաստուն մարդիկ, որովհետև միայն նրանք գիտեն, թե ի՞նչ է կյանքի իսկական արժեքը։ Իսկ կյանքի իսկական արժեքը եթե արտահայտելու լինենք թվանշանով, դուրս կգա հսկայական մի զրո, որի դատարկ շրջագծի միջով իր սարտոմորտալներն է կատարում կամ, հայերեն ասենք, իր գլուխկոնծին է անում համաշխարհային կրկեսի այն միմոսը, որի անունն է մարդկություն...

Անձնասպանները բացի ամենաիմաստուն մարդիկ լինելուց, այլ ամենաքաջ մարդիկն են։ Ամենամեծ երկյուղը, որ պաշարում է մարդուն, մահվան երկյուղն է։ Եվ իզուր չէ, որ օրենսդիրները պատժի ամենաբարձր աստիճանը մահվան պատիժն են սահմանել։ Ապրել կամենալ — նշանակում է մահից վախենալ։ Արդ՝ ով մահից ոչ թե միայն չի վախենում, այլև ինքն է իրեն մահվան գիրկը նետում,— ամենաքաջը չէ՞։

Ապրելու և, այսպես կոչված, բնական մահվան սպասելու համար հարկավոր է երկու բան՝ — կամ չմտածել, կամ հասնել մտածողության այն կետին, որի վրա մարդս կանգնած անսասան՝ ընդունակ դառնա արհամարհելու, միևնույն տխմար, աննպատակ բանը համարելու թե՛ կյանքը և թե՛ մահը։ Չմտածել չեմ կարող, որովհետև, դժբախտաբար, անասունից չեմ ծնված. կյանքն ու մահն էլ հավասարապես արհամարհել նույնպես չեմ կարող, որովհետև կյանքը չեմ փորձել նրան արհամարհելու չափ, որով և պայմանավորված է արհամարհանքը դեպի մահը։

Չգիտեմ, ինչպես կլինի ապագայում, բայց գիտեմ, որ այժմ մարդս ապրում է ոչ իր ցանկությամբ, ուզում եմ ասել, ոչ իր ազատ կամքով։ Ինչպես որ նա իր ազատ կամքով չի ծնվում, այնպես և իր ազատ կամքով չէ, որ ապրում է։ Նրան ծնում են և ստիպում, որ ապրի։ Ծնում է բնությունը իրեն