Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/415

Այս էջը հաստատված է

ոստիկաններով և հետաքրքիր մարդկանցով։ Կուզեի մեռած ժամանակս էլ տեսնել՝ դիտելու համար այդ հիմար մարդկանց իրարանցումը, որպեսզի մի կուշտ ծիծաղեի:

Համլետն անշուշտ ամենամեծ տխմարներից մեկն է եղել, որ դեռևս տարակուսել է, թե միգուցե այնտեղ՝ անդրգերեզմանական կյանքի մեջ էլ ինչ-որ երազներ խանգարեն իր հավիտենական հանգիստը։ Եթե մի վայրկյան անգամ այդպիսի տարակուսանք անցներ մտքովս, այն ժամանակ մեռնելուց առաջ, անշուշտ, յոթն օր կքավեի մեղքերս. մինչդեռ այժմ, ինչպես տեսնում ես, դեռ հայհոյում էլ եմ և հայհոյում ամենահանգիստ խղճով, որովհետև համոզված եմ, որ հայհոյանքը նույնքան արժեք ունի, որքան և աղոթքը, այսինքն — ոչ մի արժեք չունի։

Կան չափազանց խորամիտ, բայց և խիստ բարեմիտ մարդիկ, որոնք այն սշխարհի կրոնական գաղափարները մեկնաբանում են իբրև իրականություն։ Նրանք այնքան խելոք են, որ, իհարկե, չեն հավատում դժոխքի և դրախտի, սատանաների և հրեշտակների գոյության, բայց և իրենց խորամանկությամբ հանդերձ այնքան միամիտ են, որ կարծում են, թե կրոնական այդ ցնդաբանությունները, որ հանեն հիվանդոտ երևակայության աշխարհից և դնեն իմ առաջ իբրև իրական փաստ, ինձ և ինձպեսներին կհամոզեն, թե դրանք սուտ չեն:

Եթե կա մի բան, որ ճշմարիտ է, դա մահն է, որովհետև ճշմարիտն այն է, ինչ որ հավիտենական է, իսկ մահն է միայն, որ հավիտենական է։ Ժամանակը գոյություն ունի այնքան, որքան մենք ապրում ենք, իսկ մեռնելուց հետո ժամանակը գոյություն չունի կամ, ուրիշ խոսքով, գոյություն ունի այն, ինչ որ մենք անվանում ենք հավիտենականություն։ Մենք մեզ համար սահմանել ենք ժամանակի որոշ չափեր և դրանով ենք ուզում չափել նույնիսկ անդրգերեզմանական կյանքի տևողությունը, եթե միայն կյանք կարելի է անվանել այն, որ մարմինս հող կլինի դարձած, այդ հողի վրա խոտ կլինի բսած և այդ խոտի մեջ արածելիս կլինի մի գառ, որպեսզի այդ գառան միսն ուտողները վերջն ինձ պես հող դառնան և այլն... Կոմեդիա, կատարյա՛լ կոմեդիա... Եվ երբ մտածում ես, որ համաշխարհային