Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/416

Այս էջը հաստատված է

այդ կոմեդիան պիտի շարունակվի անվերջ, առանց վերջնական նպատակի... Ծիծաղում ես և, միևնույն ժամանակ, ապշում, որ մարդիկ այս բոլորը գիտենալով հանդերձ ինչ-որ նոր տարիներ են հնարել, ուրախանում են, տխրում, սիրում, ատում նախանձում, սպանում, աշխարհ բերում նոր արարածներ... Հիմարանո՜ց, հսկայակա՜ն հիմարանոց... Կալիգուլան ափսոսում էր, թե ինչո՛ւ հռոմեացիք մի գլուխ չունեին, որ թրի մի հարվածով վերջ տար նրանց կյանքին։ Նա ափսոսում էր չարությունից։ Նույնն ես եմ ափսոսում ամբողջ մարդկության համար, միայն խղճահարությունից։

Բայց եթե մարդկությունը մի գլուխ չունի, ես խո մի գլուխ ունիմ։

Գանգս... «Ի՞նչ բան է այս անոթը,— ասում է Շելլինգը,— որ իր մեջ պարունակում է ամբողջ աշխարհը, ամբողջ երկինքը: Ի՞նչ բան է մոգական այս ամրոցը, ուր սերն իր հրաշքներն է կատարում, ուր ամեն ինչ, ինչ որ փառավոր է և վեհ, ինչ որ նողկալի է և սոսկալի, գտնվում է իր սաղմի մեջ կողք-կողքի։ Ի՞նչ բան է գանգ կոչված մարդկային այս գլուխը, որ ստեղծում է տաճարներ, աստվածներ, ինկվիզիցիա և դևեր։— Որդի՜ բնակարան»:

Այո՛, միմիայն որդի՜ բնակարան: Բայց այդ միայն մահից հետո։ Իսկ մահից առաջ — տանջանքի՜ շտեմարան:

Օ՜, իսկույն, իսկույն կփշրեմ, կոչնչացնեմ տանջանքի այս շտեմարանը։ Բավական է, որքան այս անտանելի ծանրությունը կրեցի ուսերիս վրա, այլապես՝ մինչև ե՞րբ և ինչո՞ւ...

Շոպենհաուերը ասում է. «Մահվան րոպեն կարող է նման լինել ծա՜նր պատրանքից արթնանալուն»: Ես ուզում եմ արթնանալ կյանքի ծանր պատրանքից՝ մահվան գիրկը նետվելով։

Ես մեռնում եմ խղճալով ձեզ, կյանքի՛ ստրուկներ, որ ինչքան էլ կամենաք ապրել, այնուամենայնիվ վերջ ի վերջո պիտի գաք իմ ետևից։


Շահյանի թաղմանը ներկա էին, ի միջի այլոց, օր. Սահակյանն ու Մարությանները։ Մինասյանը չէր հեռանում հանգուցյալի մոր մոտից։