Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/417

Այս էջը հաստատված է



Շահյանը կարծես քնած էր դագաղի մեջ։ Նրա ծնոտները կապած էին սպիտակ թաշկինակով, որ միևնույն ժամանակ ծածկում էր քունքի և գանգի ջարդված մասը։ Նրա փոքր-ինչ բաց շրթունքների վրա սառել էր հեգնական մի ժպիտ։

եվան եկեղեցում կանգնած էր դագաղի մոտ, և նրա ուշադրությունն ակամա գրավում էր հանգուցյալի այդ ժպիտը։ Նրան թվում էր, թե Շահյանի շրթունքների վրա այդ ժպիտը մնացել էր այն րոպեից, երբ գրել էր իր վերջին տողերը. «Անձնասպանությանս համար ոչ ոքի չմեղադրել, բացի աստծուց»: Ի՞նչ էր այդ՝ կատա՞կ, թե՞ հայհոյանք։ Մի՞թե կարելի է կատակ անել մահվան հետ։ Եթե հայհոյանք — մի՞թե կարելի է հայհոյել խորհրդավոր անհայտության դռան առաջ կանգնած միջոցին... «Մի՞թե եղբայրս իր մահվան ժամանակ կարող էր այդպես ժպտալ»,— մտածեց Եվան և նույն րոպեին փշաքաղվելով ետ նայեց ակամա։

Նա տեսավ Աշխենին, որ չոքած էր կանանց դասի սյունի տակ և խուլ հեկեկում էր, աչքերը թաշկինակի մեջ սեղմած...