Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/42

Այս էջը հաստատված է

այցելության համար։ Եվ շնորհակալության նման մի քաղցր զգացում համակեց Շահյանին։

— Չգիտեմ, ե՞րբ պետք է թողնես քո այդ սովորությունը, որ զանգակի ձայնով այլևս զահլա չտանես,— դժգոհությամբ նկատեց մայրն աղջկան։

Եվան կրունկների վրա արագ շուռ եկավ դեպի մայրը։

— Մայրի՛կ, ախր վախենում եմ, որ ծառան չլսի՜,— բացականչեց նա, նորից հոնքերը սաստիկ բարձրացնելով։

— Խուլ չէ, կլսի։

— Ո՜ւու, դու կարծում ես, թե միայն խլությունի՞ց է, որ չեն լսում։ Հապա ծուլությո՞ւնը, դանդաղաշարժությո՞ւնը։ Վերջապես, հո գիտես, որքան ես անհամբեր եմ. մի վայրկյան որ ուշացան, արդեն ջղերս գրգռվում են։ Բայց գիտե՞ս, մայրիկ, ուր գնացինք։ Թանգարան, թափառական թանգարան։ Մումիա տեսանք, եգիպտական մումիա։ Դուք չե՞ք տեսել, պարոն Շահյան։

— Ոչ:

— Ո՜ւու, ինչ սարսափելի՜ է, որ տեսնեք... Երկու հազար տարեկան է... այսինքն ուզում եմ ասել՝ երկու հազար տարվա է, գիտե՞ք... թե՞ չորս հազար տարվա։ Չորս հազար տարվա, չէ՞, հայրիկ,— հարցրեց Եվան, արագ դառնալով դեպի հտյրը, որ շտապով ներս մտավ այդ րոպեին։

— Ինչը,— հարցրեց հայրը։

— Մեր տեսած մումիան։

— Չորս հազար տարվա։

— Չորս հազա՜ր տարվա, պարոն Շահյան,— բացականչեց Եվան։— Ո՛չ, չեմ հավատում, թե դիակն այդքան երկար ժամանակ դիմանա։

— Փառք աստծո, աչքովդ տեսար, — ասաց Մարությանը, որ իրեն հատուկ պարզ ուրախությամբ Շահյանին բարևելուց հետո խնդրեց նրան, որ նստի, և ինքը նստեց նրա մոտ։

— Կարծես թե չէր կարող կեղծ լինել,— նկատեց Եվան:— Եվ, իհարկե, կեղծ էր։ Երևակայեցեք, պարոն Շահյան, փտած փայտի վրա փտած փալասներ են փաթաթել, մի փտած գերան փորել մեջն են դրել և անունը դրել են չորս հազա՜ր տարվա մումիա։

— Հապա դեմքը, բերանը, քիթը, աչքերը։