Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/422

Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ II

Ալեքսանդր (միայն)

Ռուսներն այսպիսի դեպքերումն են ասում՝ «дело в шляпе...» Ուղիղ որ. դերս շատ լավ կատարեցի... Այսուհետե բանը պրծած է...


ՏԵՍԻԼ III

Ստեփան, Ալեքսանդր

ՍՏԵՓԱՆ (իջնում է սանդուղքով և գալով առաջ): Հը՛: Ալեքսանդր, մենակ ե՞ս... ի՞նչպես վերջացավ բանը:

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Բոլորովին աջող, հայր:

ՍՏԵՓԱՆ (շուտ): Հա-ա՞... ի՞նչպես... սիրում է քեզ... խո՞սք տվավ, որ քեզ հետ կամուսնանա:

ԱԼԵՔՍԱՆԴՐ: Այո:

ՍՏԵՓԱՆ: Մի՞թե... Բայց ո՞ւր է նա։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Փախավ այն կողմը։ Խիստ հուզված էր։

ՍՏԵՓԱՆ։ Հա՛, այդպես։ Բայց բժիշկ Արսենյանցն ինչ բախտ կմնա, հա՜, հա՜, հա՜... ես շատ էի վախենում, որ նա չխլե մեր ձեռքից այդ չաղ կտորը, ախր բժիշկ է, է, անպիտանը, նրա աչքումն էլ լույս կա. քաղցած գայլի պես ետևիցը ման է գալիս... Ապրի՛ս, որդիս, ապրիս։ Այնուհետև համոզված եղիր, որ կլորիկ հազարները պատրաստ են։ Սոնայի հայրն, իբրև վաճառական, փողի, մանավանդ հազարների վերաբերությամբ քեզ ասել եմ, որ շատ պինդ և ձեթ մարդ է, բայց Սոնան նրան կփափկացնե և մեղր կշինե, որովհետև որքան էլ Պետրոսի կամքին հակառակ լինի յուր աղջկան հազարներ օժիտ տալը, այնուամենայնիվ, նա կտա, որովհետև չտալով միևնույն է, թե յուր աղջկա բախտը պետք է խափանե, իսկ մենք, իհարկե, նրա աղջիկն այն դեպքում միայն կառնենք, երբ նրա հետ կլինին և՛ հազարներ... Չէ՛, խոսք չկա, որ հաղթությունը մերն է... Բայց ես ուզում եմ այս գիշեր և եթ