Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/423

Այս էջը հաստատված է

Պետրոսի հետ այդ մասին խոսք բացել, իհարկե, այնպես, թեթև կերպով։

ԱԼԵՔՍԱՆԴՐ։ Բայց, հայրիկ, այնպես պետք է անեք, որ նա ոչինչ կասկած չտանե մեզ վրա։

ՍՏԵՓԱՆ։ Այդ ես չե՞մ հասկանում, որ դու ինձ չասես... Բայց ահա նա գալիս է։ Դու հեռացիր, որ նա մեզ միմյանց մոտ չտեսնե և ոչինչ չկասկածի։ Ես կաշխատեմ նրա հետ հենց իսկույն այդ բանի մասին խոսել։ Հեռացի՛ր շուտ։ (Ալեքսանդրը շտապով հեռանում է պարտեզի աջ կողմը: Ստեփանը նստում է նստարանի վրա և հանելով թաշկինակը, սկսում է հովհարել երեսը):


ՏԵՍԻԼ IV

Պետրոս, Ստեփան

ՊԵՏՐՈՍ (իջնում է սանդուղքով և գալով առաջ): Պ. Ստեփան, ինչպես երևում է, շոգը նեղացնում է։

ՍՏԵՓԱՆ։ Էլ մի ասեք, ջուր կտրվեցի, էլի՛... քրտնքի մեջ լողում եմ. պար գալն ինձ էժան չնստեց... Չէ՛, եղբայր, ես չաղ մարդկանց երբեք խորհուրդ չէի տալ պար գալ, մանավանդ այսպիսի շոգերին, եթե միայն, իհարկե, թանկ է նրանց իրենց մարմինը, որովհետև պար գալիս բոլոր յուղը դուրս է գալիս միջից, հա՜, հա՜, հա՜...

ՊԵՏՐՈՍ։ Ուղիղն ասած, պ. Ստեփան, ես բոլորովին չէի ուզում հիմա հրավերք տալ, բայց որովհետև շուտով ամառանոց ենք գնալու, այդ պատճառով աղջիկս խնդրեց, որ, գնալուց առաջ, մի գիշեր հյուրասիրենք մեր մոտիկ բարեկամներին ու ծանոթներին, ես էլ չուզեցի նրա խնդիրքը մերժել։

ՍՏԵՓԱՆ։ Եվ չպե՛տք է մերժեիք, որովհետև օրիորդ Սոնան մի այնպիսի արարած է, որի խնդիրքը ոչ թե միայն պետք է կատարել, այլ և մի սուրբ օրենքի տեղ պետք է ընդունել... Ուղիղը կուզեք ասեմ, պ. Պետրոս, ես շա՛տ և շատ նախանձում եմ ձեզ, որ մի այդպիսի աննման աղջիկ ունեք... Ահա, ո՜րքան ջահել տիկիններ և օրիորդներ ունեք այս գիշեր