Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/43

Այս էջը հաստատված է

— Ոչինչ չէր երևում, բոլորը մաշված էր. զոռով մաշել էին, որ հին բան երևա։

— Զոռով էլ մաշե՞լ կլինի։

— Ինչո՞ւ չի լինիլ. մարդիկ այնքա՜ն խորամանկ են։ Կեղծ էր, կե՛ղծ։ Չեմ հավատում։

— Լավ, լավ, գլխարկդ վերցրու, վերարկուդ հանիր,— նկատեց մայրը։— Չես հավատում, մի՛ հավատա։

— Չե՜մ հավատում, չէ՛,— կրկնեց Եվան ձեռնոցներն արագ դուրս քաշելով ձեռքերից։— Կուզե՞ս այս րոպեին խաբեմ քեզ, հայրիկ։

— Ինչպե՞ս թե խաբես։

— Հապա տասը մատդ այնպես համարիր, որ տասնևմեկ երևա։

— Ահա. մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ... տասը, տասնևմեկ։

— Ինը կուլ տվիր, այդ չեղավ։ Հիմա տես ինչպես եմ քեզ խաբում։— Եվան ձեռնոցները շպրտեց աթոռի վրա։— Նայիր մատներիս։ Դուք էլ, պարոն Շահյան։ Դու էլ, մայրիկ։ Լավ նայեցեք։ Մե՛կ, հետո — ե՛րկու, հետո — ե՛րեք, հետո — չո՛րս, հետո — հի՛նգ, վե՛ց, յո՛թ, ո՛ւթ, ի՛նը, տա՛սը։ Տասն էր չէ՞։

— Այո, և ոչ թե տասնևմեկը։

— Սպասիր է՜. ես խո քեզ պես ինը կուլ չտվի։ Տասը։ Հիմա ետ համարենք։ Տա՛սը... ի՛նն... ո՛ւթ... յո՛թ... վե՛ց։ Այս մի ձեռքիս մատները լրացան վեցով, չէ՞։ Ուրեմն վեց։ Այս ձեռքս էլ հինգ մատ ունի, վեց պլյուս հինգ — տասնևմեկ։ Ինչպե՞ս էր, հայրիկ։ Մումիայի տերն էլ այդպես է քեզ խաբել։

Եվ նախքան հայրը, մայրը, Շահյանն ուշքի կգային ֆոկուսի այդ անսպասելի լուծումից, Եվան աթոռի վրայից թռցրեց ձեռնոցներն ու դուրս վազեց։

Հանկարծ ընդհանուր քրքիջ բարձրացավ։

— Տեսնում ե՞ս... ճիշտ որ խաբեց,— բացականչեց Մարությանը։— Ինչպե՞ս արավ։

Եվ նա կրկնեց աղջկա ֆոկուսը։ Դարձյալ ընդհանուր քրքիջ բարձրացավ։

— Չե՛մ հավատում, չէ՛,— կանչելով ներս մտավ Եվան, գլխարկն ու վերարկուն հանած։ Նա շտապով մի աթոռ վերցրեց,