Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/436

Այս էջը հաստատված է

կոխում։ Հարկավոր դեպքում դրանից էլ մեծ օգուտներ կարելի է քաղել։ (Ծիծաղելով): Չէ՞, ի՞նչ ես կարծում։

ԹՈՐՈՍՅԱՆ (վեր կենալով): Երանի՛ քեզ ...աշխարհս քեզպեսներինն է։

ՎԱՆՈ։ Բաս չէ ու քեզպեսներինն է․․․ Ո՞ւր ես գնում։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Սենյակս։

ՎԱՆՈ։ Ինչո՞ւ. դու հրավիրված չե՞ս։ (Վեր է կենում):

ԹՈՐՈՍՅԱՆ։ Հրավիրված եմ, բայց գլուխս ցավում է։ (Հեռանում է պարտեզի աջ կողմը):


ՏԵՍԻԼ XVIII

Վանո (միայն)

Ասենք քո գլուխը միշտ ցավում է․․․ Է՜, հիմա ի՞նչպես անենք, որ հորս տեսնեմ... Բայց որ սպանեն, ես վերև չեմ գնալ, իսկ առանց փողի էլ այստեղից չեմ հեռանալ... Հ՞ըա, ի՞նչպես անեմ... Ա՜, ահա՛ նա։ (Առաջ է գնում դեպի Պետրոսը, որ գալիս է պարտեզի աջ կողմից)


ՏԵՍԻԼ XIX

Պետրոս, Վանո

ՎԱՆՈ։ Բարի երեկո, հայրիկ։ Ես ուզում էի ձեզ տեսնել և դուք էլ եկաք։

ՊԵՏՐՈՍ։ Հա-ա՞... ի՞նչ կհրամայես։

ՎԱՆՈ։ Փող եմ ուզում։

ՊԵՏՐՈՍ։ Վա՛հ, այդպես մե բա՞շ... Գնա՛ էգուց արի։ (Գնում է դեպի սանղուղքը):

ՎԱՆՈ (Նրա ետևից): Հայրի՛կ, ես հանաք չեմ անում, գիտե՞ք։ (Պետրոսը չէ լսում և շարունակում է առաջ գնալ): Սա՛ն-Սուսին...

ՊԵՏՐՈՍ (շուռ է գալիս և կատաղած կամաց-կամաց մոտենալով նրան): Անպիտա՛ն և լիրբ, դու կարծում ես, թե հիմա է՞լ կվախենամ այդ անիծած խոսքից, հա՞․․․

ՎԱՆՈ։ Կարծում եմ։