Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/441

Այս էջը հաստատված է

ՊԵՏՐՈՍ։ Բայց դու ասեցիր երկու հարյուր:

ՎԱՆՈ։ Այո՛, բայց այդ, ասեցի, հիմա, այս րոպեիս է հարկավոր։

ՊԵՏՐՈՍ։ Հիմա չկա մոտս այդ գումարը.— ընդամենը յոթանասուն ռուբլի ունեմ։

ՎԱՆՈ։ Գնացեք բերեք, ես այստեղ կսպասեմ... Նո՛ւ, ոչինչ, ոչինչ, այս գիշեր դրանով էլ կարելի է յոլա գնալ... Հիմա տվեք այդ յոթանասուն ռուբլին և երբ մնացածն էլ կլրացնեք, նամակն այն ժամանակ կստանաք։

ՊԵՏՐՈՍ։ Վա՛հ, նամակն ուզում ես քեզ մոտ պահել...

ՎԱՆՈ։ Ի՞նչ վնաս. այս ոչ ոք չի տեսնիլ... կամ թե չէ, եթե վախենում եք, կարող եք այս րոպեիս ևեթ վճարել հազար ռուբլին և ստանալ նամակը։ Բայց ես ասում եմ, որ ոչինչ վնաս չկա։

ՊԵՏՐՈՍ (խղճալի ձայնով): Ա՛պիտան, դու ուզում ես ինձ աղքատացնել...

ՎԱՆՈ։ Ձեր կամքն է, հայրիկ։

ՊԵՏՐՈՍ։ Դու ուզում ես ինձ անպատվե՞լ, խայտառակե՞լ... դու ուզում ես ինձ ամենքի առաջ ամոթահար, սև երես դուրս բերել...

ՎԱՆՈ։ Այդ ձեզանից է կախված, հայրիկ։

ՊԵՏՐՈՍ։ Մեղք չե՞մ ես... մի՞թե չես խղճում քո հորը...

ՎԱՆՈ։ Հայրիկ, ախր ես էլ մեղք եմ, փող չունեմ։

ՊԵՏՐՈՍ։ Մի՞թե ես քեզ նրա համար եմ պահել, մեծացրել, որ դու ինձ հետ այդպես անգութ կերպով վարվես... ախր մենք հայր ու որդի ենք, որդի... ախր ամոթ է մինչև անգամ...

ՎԱՆՈ։ Չե՞ք տալիս... գնում եմ ա՛յ...

ՊԵՏՐՈՍ։ Կա՛ց, անառակ... տա՛ր, ինչ ուզում ես։

ՎԱՆՈ։ Էլ ի՞նչ հարկավոր է երկար ու բարակ խոսել, երբ վերջը պետք է համաձայնեք... Քիչ էր մնում, որ լացացնեիք։

ՊԵՏՐՈՍ (թղթապանակից հանում է յուր բոլոր փողը և տալով նրան): Ա՛ռ և գնա՛ կորի՛ր աչքիցս։

ՎԱՆՈ (առնում է և սկսում է համարել): Մեկ, երկու, երեք, չորս, յոթը, տասը, տասն և հինգ, քսան, քսան և հինգ, երեսուն, երեսուն և հինգ, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն... Ուղիղ է։ Նու, հայրիկ, երբ մնացածն էլ կտաք, այն ժամանակ կստանաք նամակը. իսկ մինչև այդ ժամանակ