Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/447

Այս էջը հաստատված է

ՊԵՏՐՈՍ։ Չէ. ես տանը մի փոքր գործ ունեի, չկարողացա դուրս գնալ։

ՍՏԵՓԱՆ (վեր կենալով): Ես էլ գործ ունեի, բայց... այն անպիտաններն ինձ ուշացրին... և բավական չէ, որ ուշացրին, արյունս էլ հետը պղտորեցին։ (Պետրոսը նույնպես վեր է կենում): Ուրի՞շ. տիկինն ու օրիորդը խո լա՞վ են։

ՊԵՏՐՈՍ։ Փառք աստուծո։

ՍՏԵՓԱՆ։ Իմ կողմից շատ և շատ բարև կանեք... Օրիորդին կասեք... Հա՛, լավ միտս եկավ, քիչ էր մնում՝ մոռանում էի... ես ձեզ մեկ բան պատմեմ, պ. Պետրոս, և դուք մի կուշտ ծիծաղեցեք։— Անցյալ օրը մեկ — անունը չեմ հիշում — վաճառական մեզ մոտ միջնորդ էր ուղարկել, որ իմ տղայիս — Ալեքսանդրի համար յուր աղջիկն առնենք։ Նա առաջարկում էր հարյուր հազար ռուբլի փող և մի գեղեցկաշեն տուն, հասկանո՞ւմ եք, հա՜, հա՜, հա՜... Աղջիկն էլ, ասում է, բավական զարգացած է և գեղեցիկ... Մենք, էլ ի՛նչ ասել կուզե, անմիջապես մերժեցինք, ասելով որ ի զուր են նեղություն կրել, որովհետև մեր տղան արդեն ունի յուր հարսնացուն, որին թե՛ նա և թե՛ մենք հոգով չափ սիրում ենք և որը շուտով նրա կինը կդառնա... Եվ զարմանալի է, մի քանի օրից հետո մեկ ուրիշն է գալիս, հա՜, հա՜, հա՜... դարձյալ բավական մեծ փող է առաջարկում և փողի հետ էլ այգի, հա՜, հա՜, հա՜... Րայց դուք գիտեք, պ. Պետրոս, որ եթե նրանց աղջիկը ոտով-գլխով ոսկի էլ դառնա, դարձյալ մենք կմերժենք... և այդ հասկանալի է... որովհետև ձեզանից լավ բարեկամներ էլ ուրիշ ո՞րտեղ կարող ենք ճարել, հա՜, հա՜, հա՜...

ՊԵՏՐՈՍ (առանձին): Թե աստված կսիրես... (Նրան, գլուխ տալով): Շնորհակալ եմ։

ՍՏԵՓԱՆ։ Եվ օրիորդ Սոֆիայից էլ ավելի համեստ, ավելի գեղեցիկ և զարգացած հարս ուրիշ ո՞վ կարող է տալ մեզ։

ՊԵՏՐՈՍ (առանձին): Իհարկե, ոչ ոք... (Նրան, գլուխ տալով): Շնորհակալ եմ։

ՍՏԵՓԱՆ։ Օր. Սոֆիան որ կա, մեկն է ամբողջ աշխարհիս երեսին — թե՛ գեղեցկությամբ, թե՛ համեստությամբ, թե՛ շնորհքով և թե՛... մի խոսքով՝ ամեն, ամեն բանով... Չկարծեք, թե ես այդ շողոքորթությամբ եմ ասում,— քավ լիցի. շողոքորթությունն ես ատել եմ, որպես մի ամենազզվելի