Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/448

Այս էջը հաստատված է

բան, որ պատվավոր մարդուն երբեք չի վայելի, թե չէ, փառք աստծո, մենք միմյանց նոր չպետք է ճանաչենք... Ես ասում եմ այն, ինչ որ ճշմարիտ է...

ՊԵՏՐՈՍ (առանձին): Վա՛հ, ո՞վ է բան ասում... (Նրան)։ Տե՛ր իմ աստված, ի՛նչ եք ասում...

ՍՏԵՓԱՆ։ Բայց գիտե՞ք, պ. Պետրոս, թե ինչի համար են ամենքն այսպես գլուխ պատռում մեզ համար։

ՊԵՏՐՈՍ։ Ինչի՞ համար։

ՍՏԵՓԱՆ։ Որովհետև մենք, ինչպես ձեզ էլ հայտնի է, բավական բարձր ունեցող մարդիկ ենք...

ՊԵՏՐՈՍ։ Իհարկե...

ՍՏԵՓԱՆ։ Այդպե՛ս, պ. Պետրոս... Եվ ում համար մեծ պատիվ չէ մեզ նման բարեկամներ ունենալ, հա՜, հա՜, հա՜... և, իհարկե, այդ բանի համար ամեն մեկը, մեզ նմաններին ձեռքից չթողնելու համար, ո՜չ թե հարյուր հազարներ, այլև՛, մինչև անգամ, միլիոններ կտա...

ՊԵՏՐՈՍ։ Իհա՛րկե, իհա՛րկե...

ՍՏԵՓԱՆ։ Իսկ հիմա կարող եմ ասել՝ ցտեսություն, պ. Պետրոս։

ՊԵՏՐՈՍ։ Մնացեք, սուրճ անուշ արեք։

ՍՏԵՓԱՆ։ Չէ, չեմ կարող, շատ եմ շտապում... Իմ կողմից բարև արեք տ. Եղիսաբեթին և օր. Սոֆիային... մեր ապագա հարս օր. Սոֆիային, հա՜, հա՜, հա՜...

ՊԵՏՐՈՍ։ Ջուխտ աչքիս վրա։ (Ստեփանը դուրս է գնում):


ՏԵՍԻԼ II
Պետրոս (միայն)

Ա՜յ կաշի... ի՜նչ զլել էր, է՜... այնքան քամիք փչեց և ո՛չ մի անգամ չկարմրեց... Է՜, իմ սիրելի պո՜լկովնիկ, ղորթ որ էշ խո չէի, որ չհասկանայի, թե ինչի՛ համար էիր դու ինձ մոտ շնորհ բերել.— եկել էիր որ ասես, թե հարյուր հազարներ եք ուզում, է՛լի, այդպես էլ կասեիր, կպրծներ, էլ ի՞նչ էիր սուտ ու մուտ բաներ մոգոնում... Ա՜խ, Տե՜ր աստված, ի՛նչքան անտանելի են մեծամիտ մարդիկ... (Լռության):