Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/453

Այս էջը հաստատված է
ՏԵՍԻԼ VII
Եղիսաբեթ, Սոնա

ՍՈՆԱ (Նայում է Եղիսաբեթին և հանկարծ փղձկալով): Մայրի՜կ... (դեմքը ծածկում է և լալիս է):

ԵՂԻՍԱԲԵԹ։ Սո՜նա... ի՞նչ ես անում... ինչո՞ւ ես լալիս... Սոնա... գժվե՞լ ես, ի՛նչ է... ի՞նչ է պատահել...

ՍՈՆԱ։ Հայրիկն այլևս չէ ուզում, որ ես Ալեքսանդրի հետ ամուսնանամ։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ի՞նչ... ինչ ես ասո՞ւմ... զառանցո՞ւմ ես, ի՛նչ է...

ՍՈՆԱ։ Գնացեք իրեն հարցրեք, թե չեք հավատում։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Է՜-է՜հ, ի՛նչ ես հիմար-հիմար խոսում, ես չեմ հասկանում... Ասա ուղիղ ի՛նչ է պատահել։

ՍՈՆԱ։ Դե ասացի, էլի։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ախր ի՞նչ ասացիր։

ՍՈՆԱ։ Հայրիկն, ասում եմ, այլևս չէ ուզում, որ ես Ալեքսանդրի հետ ամուսնանամ։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Դարձյա՜լ... դու, երևի, երազումդ ես տեսել այդ բանը։

ՍՈՆԱ։ Ասում եմ, գնացեք հարցրեք, թե չեք հավատում։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ա՛յ քեզ զարմանալի բան... Բայց ինչո՞ւ, պատճառն ի՞նչ է։

ՍՈՆԱ։ Որովհետև, ասում է, նրանք հարյուր հազար են ուզում, իսկ ես, ասում է, չունեմ այդքան փող։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Ես ոչինչ չեմ հասկանում... հավատացիր՝ բոլորովին ոչինչ չեմ հասկանում... Բայց ո՞վ է ասել, որ նրանք հարյուր հազար են ուզում։

ՍՈՆԱ։ Ալեքսանդրի հայրը, մեր բացակայության ժամանակ այստեղ է եղել և ասել է այդ բանը։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Բաս ի՞նչ էր կարծում քո հայրը, կարծում էր, թե առանց փողի՞ կամուսնացնե քեզ նրա հետ։ Այդ ո՞ր օրենքով։ Նա չգիտե՞, որ աղջիկը միշտ օժիտ է տանում յուր մարդու տուն... Կամ թե հենց նա քեզ հետ առանց փողի էլ կամենա ամուսնանալ, ես կթողնե՞մ, չէ՞ որ այդ ամոթ է, խայտառակություն է մեզ համար, չէ՞ որ այդ պատիվ չի