Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/454

Այս էջը հաստատված է

բերիլ ո՛չ մեզ և ո՛չ նրանց... Գիտե՞, հասկանո՞ւմ է քո հայրը, թե ո՛վքեր են նրանք... այդ բանի մասին նա երբևիցե մտածե՞լ է... հա՞.,. Ո՞ւր գնաց նա, ես ուզում եմ նրա հետ խոսել։

ՍՈՆԱ։ Յուր առանձնասենյակը մտավ։

ԵՂԻՍԱԲԵԹ։ Շա՛տ լավ։ (Շտապով դուրս է գնում աջ դռնից):


ՏԵՍԻԼ VIII
Սոնա (միայն)

(Նստում է գահավորակի վրա): Ինչպես անհանգիստ եմ... ...Ասում է՝ փողի համար է քեզ սիրում... փողի համար... մի՞թե այդ ճշմարիտ է... մի՞թե այդ կարող է ճշմարիտ լինել... Ուրեմն, եթե փող չտանք, նա ինձ պետք է թողնե... ուրիշի հետ պետք է ամուսնանա... ուրիշի հետ... մի՞թե այդ կարելի է... մի՞թե նրա այն խոսքերը, նրա երդումները միայն փողի համար էին... մի՞թե նա մի այդպիսի... ստոր մտադրություն երբեք կարող էր ունենալ... մի՞թե ես չեմ ճանաչում նրա ազնիվ սիրտն ու հոգին... Տե՛ր աստված, ի՞նչ անեմ... (Մտածում է. հանկարծ վեր կենալով): Օ՜հ, ես այլևս չե՛մ կարող համբերել... այսօր ևեթ անպատճառ պետք է խոսեմ նրա հետ... բացատրություն պետք է պահանջեմ, այլապես՝ չեմ կարող դիմանալ... Ա՜խ, գոնե նա գա այսօր... բայց չի՛ գալ, չի՛ գալ, եթե միայն նրա հայրն այսօր իսկապես փողի համար էր եկել... Ա՜խ, հայրիկ, ես քեզ ի՞նչ էի արել, որ սրտիս մեջ մի այսպիսի կասկած գցեցիր... (Թաշկինակը սեղմում է աչքերին և լուռ լալիս է):


ՏԵՍԻԼ IX

Թորոսյան, Սոնա

ԹՈՐՈՍՅԱՆ (մտնում է ճանապարհորդական հագուստով և մոտենում է Սոնային, որ կանգնած է դարձյալ նույն դրության մեջ): Օրիո՛րդ...