Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/455

Այս էջը հաստատված է

ՍՈՆԱ (թաշկինակը հանկարծ հեռացնեյով աչքերից և ուրախ) Ա՜խ, եկա՞ք... (Տեսնելով յուր առաջ Թորոսյանին՝ նա դեռ զարմանում է, հետո նորից տխրում և հեռանալով նրանից, առանձին): Այս հիմարն է եղել...

ԹՈՐՈՍՅԱՆ (առանձին): Կարծեք, թե նա եմ... Բայց ի՞նչ է նշանակում այս... մինչև անգամ լաց է եղել... (Նրան): Ինչո՞ւ դուք տխուր եք, օրիորդ։

ՍՈՆԱ (մեջքը դեպի նա դարձրած): Ես տխուր չեմ... Ի՞նչ էիք կամենում։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ոչինչ, օրիորդ... Անմեղ հետաքրքրություն, որը, դուցե, հանդուգն թվաց ձեզ և որով, գուցե, վիրավորեցի ձեր սիրտը.— այդպիսի դեպքում ներողություն եմ խնդրում... Բայց այնքան դառը, այնքա՜ն անտանելի է, օրիորդ, երբ մարդ զգում է, հասկանում է, ամեն մի քայլափոխում տեսնում է, որ ամենքը նրան հիմարի, մինչև անգամ խելագարի տեղ են դնում նրա համար միայն, որ նա ունի զգայուն, բարի սիրտ և ամեն բանի մեջ անկեղծ է, որպես երեխան... Սակայն ի՞նչ արած, քանի որ կեղծ քաղաքակրթությունը, իրեն առաջնորդ ունենալով նույնպես կեղծ մտավոր զարգացումը, յուր՝ ըստ երևույթին գեղեցիկ, բայց իսկապես տգեղ երևույթներով կտիրապետե մի երկրի, մի հասարակության վրա, ապա այնտեղ բարոյականությունն ու անկեղծությունը միշտ խանգարված ուղեղի արտադրություն կերևա...

ՍՈՆԱ (Առանձին): Ա՜խ, սա դարձյալ սկսեց։

ԹՈՐՈՍՅԱՆ (շարունակելով): Իսկ այդ բանին քիչ չէ նպաստում և քիչ չէ նպաստել փողը, հարստությունը, որ ամենագլխավոր դերն է կատարում մարդկային բոլոր չարիքների և սխալանքների մեջ... Բայց կգա՞ արդյոք ժամանակ, երբ...

ՍՈՆԱ (անհամբերությամբ): Ինչո՞ւ եք եկել։

ԹՈՐՈՍՅԱՆ։ ներեցեք ինձ, խնդրում եմ, եթե ես ձեզ ձանձրույթ եմ պատճառում իմ ներկայությամբ և, գուցե, առավել իմ հիմար երկարաբանությամբ... Հիմարներն առհասարակ անտանելի են... չէ՞ որ ինձ համար էլ ասում են, որ իմ ուղեղս հիվանդ է... Ես եկել եմ, օրիորդ, տայու ձեզ իմ վերջին հրաժեշտս, ես այսօր, մի ժամից հետո պետք է