Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/46

Այս էջը հաստատված է

— Աշակերտուհիներից երկուսն այս մի քանի օրը գալիս չեն եղել. ասաց, որ գնում է տեսնելու ինչ է պատահել։

Շահյանը զարմանքով նկատեց, որ Աշխենի մասին խոսք բացված ժամանակ սառնության նման ինչ֊որ զգաստություն տիրեց Մարությանին և նրա կնոջը։ Նա հիշեց հոր պատմությունը Մարության եղբայրների ժառանգության մասին և զգաց, որ իր ուրախ տրամադրոլթյունը խանգարվեց։ Բայց այդ ոչ թե այն պատճառով էր, որ Մարությանը նրան վատ մարդ երևաց, այլ այն պատճառով, որ նա, կարծես բնազդմամբ, զգաց, թե Աշխենի ներկայությամբ ինքն այնպես ազատ չպիտի լինի այդ տան մեջ, ինչպես նրա բացակայության ժամանակ։

— Դուք գիտե՞ք, պարոն Շահյան, որ եղբորս աղջիկը չքավոր մարդկանց երեխաներին ձրի դասեր է տալիս տանը,— ասաց Մարությանը։

— Չէ:

— Հապա՛։ Այդ կողմից նա էլ որդուս պես իդեալիստ է կամ իդեալիստուհի, ինչպես ուզում եք ասացեք։ Ասենք, այստեղ իդեալիստության ոչինչ չկա, կարծեմ. ավելի լավ է բարի գործ կատարել, քան թե պարապ նստել։ Այնպես չէ՞։

— Իհարկե։

Մարությանը կանչեց աղախնուն և պատվիրեց, որ Աշխենին ասի՝ չի՞ ցանկանալ արդյոք իրենց մոտ գալ, հյուր ունեն։ Աղախինը դուրս գնաց։

Մի քանի րոպեից հանդարտ քայլերով ներս մտավ Աշխենը և տեսնելով Շահյանին, հետաքրքրությամբ նայեց նրան իր լուրջ աչքերով։ Շահյանն իսկույն վեր կացավ, շտապեց դեպի նա, բայց տեսնելով, որ նա չի ճանաչում իրեն, շփոթված կանգ առավ։

— Չե՞ս ճանաչում,— շտապով դիմեց Մարությանն եղբոր աղջկանը։— Ամառանոցից գալիս չծանոթացա՞նք վագոնում։

— Ա՜խ,— հանկարծ հիշելով, արտասանեց Աշխենը, շտապով առաջ գնաց դեպի Շահյանը և, մի հիվանդոտ ժպիտ դեմքին, սեղմեց նրա ձեռքը։— Խնդրում եմ, ներեցեք. մութ կերպով մտաբերում էի, որ ուր որ տեսել եմ ձեզ, բայց չէի