Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/468

Այս էջը հաստատված է

հատուկ հայերի համար ձրի հիվանդանոց բաց անել... Ախր հին դավթարները մի քրքրիլ տուր, է՜։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հա՜, հա՜, հա՜... այդ ո՞վ է ասել քեզ։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ով որ ասել է... խո ճշմարի՞տ է։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ճշմարիտ է, ախպեր ջան, ճշմարիտ է. էլ ոչինչ չունիմ ասելու, դու տարար։ Ուրեմն՝ հիմի քվիթ ենք։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Էլ ուրիշ անգամ չհարձակվես իմ դեմ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ В прочем, մենք խո չենք մեղավոր, կյանքն է մեղավոր, չէ, հա՜, հա՜, հա՜... Վա՛յ, Թորոսյան, քո մուխը չմարի, դու ինձ այսօր ծիծաղից թուլացրիր, հա՜, հա՜, հա՜...

ԹՈՐՈՍՅԱՆ։ (Հանկարծ վեր կենալով): Հա՛, լավ միտս եկավ, չես կարող ինձ գրիչ ու թանաք տալ մի րոպե։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ (Նույնպես վեր կենալով): Ի՞նչ ես անում։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Մի գործ եմ վերցրել պաշտպանելու. դրա մասին հիմա, քեզ մոտ գալիս, մի քանի շատ կարևոր նկատողություններ ձեռք բերեցի, ուզում եմ ձեռաց նշանակել, որպեսզի հետո չմոռանամ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ա՜յ. թանաքն այնտեղ է — առանձնասենյակումս... Բայց սպասիր, Թորոսյան, բան եմ ասում։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Հը՜։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ի՞նչ արիր Թաթուլյանի աղջկան, Սոնային,— հիշո՞ւմ ես.— դու ախր սիրահարված էիր նրա վրա։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Է՛հ, оставь пожалуйтса!

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Չէ՛, դու չմեռնես, Թորոսյան, հալա մեկ սպասիր, դու ախր չափից դուրս սիրահարված էիր նրա վրա։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ну!

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Բաս էլ սիրահարված չե՞ս։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Чорт с ней!

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Սուտ ես ասում։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Նրա երեսին հիմա կնայե՞մ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ինչո՞ւ։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Հպարտ է և մեծամիտ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ուզում ես ասել՝ էր,— հպարտ էր և մեծամիտ։ Բայց նա հիմա աղքատ է. գուցե դրա համար չես նայիլ նրա երեսին։