Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/47

Այս էջը հաստատված է

կարողանում հիշել։ Ով գիտե, դուք էիք, որ այս երեկո գալիս էիք կառքով և բարևեցիք ինձ։

— Ես էի,— ասաց Շահյանը վախկոտ ժպիտով։

— Ուրեմն դարձյալ ներեցեք, խնդրում եմ. ես կրկնակի հանցավոր եմ ձեր առաջ։

— Խնդրեմ, խնդրեմ,— վրա բերեց Շահյանը, բավական անհարմար դրության մեջ զգալով իրեն այդ բարակ, հիվանդոտ աղջկա առաջ, որը թեև պարզ ու անկեղծ կերպով ներողություն էր խնդրում իր «հանցանքի» համար, այնուամենայնիվ մի անհասկանալի ճնշող տպավորություն էր գործում նրա վրա։

Աշխենը կրկին հիվանդոտ կերպով ժպտաց, թեթևակի գլխով արավ և գնաց նստեց հորեղբոր բազկաթոռի մոտ, գահավորակի վրա։

Շահյանը նույնպես նստեց իր տեղը և ուզեց նայել նրան լավ դիտելու համար, բայց հայացքը միայն թռցրեց նրա դեմքի վրայով, որովհետև այդ միջոցին ինքն՝ Աշխենն իր սառած, կարծես ոչինչ չտեսնող, բայց ճնշող աչքերը հառել էր նրա դեմքին։

— Այդ ո՞ւմ երեխաներն են, որ չեն գալիս,— հարցրեց Մարությանը, դիմելով եղբոր աղջկան, և Շահյանը նրա թե ձայնի և թե հայացքի մեջ նկատեց այդ բաց ու կենսուրախ մարդուն չսազող մի տարօրինակ ինքնազսպում և հարգանք։

— Մեկը կալատող Սարգսինը, մյուսը խարազ Զաքարինը։

— Հետո։ Իմացա՞ր ինչու չեն գալիս։

— Մեկի մայրն է հիվանդ, սաստիկ տենդ ուներ, մոտը նստած պահում է, մյուսին ծնողներն ուխտ են տարել Բոլնիս։

— Այդ ո՞րն է Բոլնիս գնացողը։

— Խարազ Զաքարը։

— Մտիկ արա։ Տանը հաց չունի ուտելու և Բոլնիս է գնում։

— Այն էլ այս ցրտերին։ Հետո ի՜նչ ցրտեր,— նկատեց Թեկլեն։

— Ի՞նչ է, մրսո՞ւմ եք,— կանչեց Եվան, իրեն հատուկ փութկոտությամբ ներս մտնելով։— Իսկույն թեյը պատրաստ կլինի։

— Գիտե՞ս՝ Աշխենն ինչ է ասում,— դիմեց նրան հայրը։

— Ի՞նչ։