Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/48

Այս էջը հաստատված է

Եվան նստեց Աշխենի մոտ և ձեռքերի արագ շարժումով մազերը քունքերից քաշեց ականջների ետևը։

— Հապա իմացիր ինչու խարազ Զաքարի աղջիկն այսքան օրս չի եղել գալիս դասի։

— Երևի հիվանդ է։ Հա՞, Աշխեն։

— Ոչ. ծնողներն, ասում է, ուխտ են տարել իրենց հետ Բոլնիս։

— Հապա ո՞ւմ մոտ պիտի թողնեին, հայրիկ, որ չտանեին։

— Չես հասկանում ինձ. ես խո երեխային տանելու կամ չտանելու մասին չեմ ասում։

— Հապա՞։

— Ես ուզում եմ ասել, թե ախր ի՞նչ ունին նրանք, որ դեռ հեռավոր տեղեր ուխտ էլ են գնում։

— Հայրիկ, այդպես ինչպե՞ս կարելի է դատել. մի՞թե ունևորության կամ չունևորության հետ որևէ կապ ունի հավատի գործը։

— Հավատ էլ ասում է։ Հիմարություն ասա։

— Եվ նախապաշարմունք,— ամուսնու խոսքին վրա բերեց Թեկլեն։

— Ոչ, մայրիկ ջան. դու էլ ես սխալվում, հայրիկն էլ։ Դա հավատ է։ Ի՞նչ անենք, թե նրանք աղքատ են։ Դուք ուզում եք, որ նրանք համ փող չունենան, համ էլ զո՞ւրկ մնան հավատի մխիթարանքից։

— Ես ուզում եմ, որ նրանք եթե փող չունին, գոնե խելք ունենան,— բացականչեց Մարությանը։

— Այդ, իհարկե, ավելի լավ է, հայրիկ. բայց և այնպես հավատն է՛լի հարկավոր է։ Վատն այն է, որ մարդ փող էլ է ունենում, խելք էլ, բայց հավատ չի ունենում։ Չեմ հիշում, կարդացե՞լ եմ, թե ինձ ասել են, որ խոր հավատ են ունենում միայն շատ զարգացած և մեկ էլ շատ տգետ մարդիկ։ Գլադստոնն, ասում են, իր քաղաքական ծանր գործերից հետո կատարյալ մխիթարություն և հանգստություն է գտնում ավետարան կարդալով։

— Ասելդ ի՞նչ է. որ Գլադստոնն է՞լ կարող է խարազ Զաքարի պես ուխտ գնալ Բոլնիս։

Եվ Մարությանն սկսեց ծիծաղել: