Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/482

Այս էջը հաստատված է

թեթևանում է, ծանր հոգսերդ մոռացվում են և արտասուքը թաց է անում աչքերդ.— ա՜խ, ա՛յդ է հավատը, իմ սիրո՛ւն որդի, իմ քաղցրի՛կ աղջիկ... Ես ծերացել եմ. անցյալ օր դու ինքդ էիր ասում, որ գլուխս բոլորովին սպիտակել է.— մի՞թե ես այսպես կծերանայի, մինչև չհասկանայի ա՛յն, ինչ որ հիմա ասում եմ քեզ։ Մտքումդ խո չե՞ս ծիծաղում ինձ վրա, Սոնա։

ՍՈՆԱ։ Հա՜յրիկ...

ՊԵՏՐՈՍ։ Հա՛, իմ անբախտ որդի, իմ հոգույս հատոր, ծերունի հորդ վրա մի՛ ծիծաղիր. այն էլ բավական է, որ կյանքը ծիծաղում է նրա վրա... այլ դու խղճա նրան, խղճա՛, որքան անմեղ սրտումդ զգացմունք կա... և երբ գիշերները կպառկես քնելու, իմ հոգուս փրկության համար միշտ աղոթք արա...

ՍՈՆԱ։ Հա՛յրիկ։

ՊԵՏՐՈՍ։ Ասա՛, հոգիս։

ՍՈՆԱ։ Գնանք տուն... բժիշկ չկա։

ՊԵՏՐՈՍ։ Ա՜խ, բժիշկը... ուղիղ որ չկա... Քիչ էլ սպասենք, հոգիս, գուցե գալիս է. գալներս իզուր չանցնի... Ա՜յ, այս ո՞վ է գալիս...


ՏԵՍԻԼ XV
Ծառա (մտնում է), Պետրոս, Սոնա

ՊԵՏՐՈՍ։ Սիրելիս, դու ո՞վ ես, բժշկի ծառա՞ն ես։

ԾԱՌԱ։ Հա։

ՊԵՏՐՈՍ։ Բժիշկը ո՞րտեղ է, մեկ կանչես, հիվանդին պետք է տեսնի։

ԾԱՌԱ։ Բա դուք որ եկաք, բժիշկն ըստեղ չէ՞ր։

ՊԵՏՐՈՍ։ Չէ, մենք որ եկանք, այստեղ ոչ ոք չկար։ Մենք նոր եկանք։

ԾԱՌԱ։ (Գնում է, ուզում է առանձնասենյակի դուռը բացել, բայց տեսնելով որ փակ է, ծեծում է)։ Աղա՛... աղա՛...