Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/483

Այս էջը հաստատված է

դեղը բերեցի... Ա՛ղա... հիվանդ ա եկել... ձեզ են ուզում... Աղա... Ա՛ղա...

ԱՐՍԵՆՅԱՆՑ (Դռան ետևից շշնջալով): Կորի՛, անպիտան։

ԾԱՌԱ։ Դեղը բերեցի... համ էլ հիվանդ ա եկել։

ԱՐՍԵՆՅԱՆՅ։ Կորի՛ քեզ ասում եմ...

ԾԱՌԱ։ Բա ի՞նչ անեմ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ասա տանը չի...

ՍՈՆԱ (Հանկարծ տեղից վեր կենալով): Հա՛յրիկ, գնանք... գնա՛նք այստեղից...

ՊԵՏՐՈՍ։ Սպասիր, հոգիս... ինչո՞ւ... բժիշկը հիմա դուրս կգա։

ՍՈՆԱ։ Գնա՛նք... չե՛մ ուզում...

ՊԵՏՐՈՍ։ Սո՛նա ջան... ո՛րդի ջան, ի՞նչ պատահեց քեզ... (վեր է կենում):

ՍՈՆԱ։ Ա՜խ, հայրիկ, մի՞թե չես տեսնում, որ նա թաքնվում է մեզնից...

ՊԵՏՐՈՍ։ Հա՞-ա... Գնանք, որդի ջան, գնանք... (Դուրս են գնում: Պետրոսը գլխարկը մոռանում է աթոռի վրա):

ԾԱՌԱ։ Ա՛ղա, գնացին։


ՏԵՍԻԼ XVI
Արսենյանց, Ստեփան, Նատալիա, Թորոսյան, Ալեքսանդր, ծառա

ԱՐՍԵՆՅԱՆՑ (Գլուխը դուրս հանելով դռնից): Գնացի՞ն։

ԾԱՌԱ։ Գնացին։

ՍՏԵՓԱՆ։ Գնացի՞ն։

ՆԱՏԱԼԻԱ։ Ушли?

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Да, да! ушли (Ամենքն էլ ներս են մտնում):

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ես չեմ հասկանում, ճշմարիտ, թե ինչո՞ւ թաքնվեցինք...

ԱՐՍԵՆՅԱՆՑ (ծառային): Տո ա՛նպիտան, ես քեզ հազար անգամ ասել եմ որ...