ԱՇԽԵՆ։
Դու ի՞նչ գիտես, հայր.
Թե տխուր էին մտածմունքներս։
ՍՏԵՓԱՆՈՍ։
Մի՞թե չեմ տեսնում քո դեմքի վերա։
ԱՇԽԵՆ։
Ո՛չ, իմ հայրիկս։ Ի՞նչպես կարող է
Իմ խեղճ ուղեղս եղբորս մասին
Տխուր մտածել, քանի որ սիրտս
Անհուն բերկրանքով ամեն մի րոպե,
Ամեն մի վայրկյան նրա վերադարձի
Մոտալուտ ժամն է ավետիս տալիս
(առանձին)
Աստված իմ, որպես ծանր է խաբելը...
ՍՏԵՓԱՆՈՍ։
Եվ քո սիրտը քեզ չէ խաբում, որդիս.—
Եղբայրդ արդեն վերադարձել է։
ԱՇԽԵՆ։
Իրա՞վ ես ասում...
ՍՏԵՓԱՆՈՍ։
Այո, աղջիկս, վերադարձել է։
Ազատյանն այժմ, մի փոքր առաջ,
Այստեղ էր, ինձ մոտ և ուրախալի
Այդ ավետիքը նա հաղորդեց ինձ։