Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/491

Այս էջը հաստատված է
ԱՇԽԵՆ։ (Առանձին)

Աստվա՛ծ իմ, աստված, ի՞նչ պիտի անեմ,
Կարո՛ղ եմ արդյոք նրան էլ խաբել...

ՍՏԵՓԱՆՈՍ։

Սակայն, աղջիկս, քեզ ի՞նչ պատահեց.
Դու գունատվեցիր և մինչև անգամ
Դողում ես թեթև. ես այդ տեսնում եմ,
Իզուր մի ծածկիր։ Կարծես մի տխուր
Լուր հաղորդեցի... Վա՜հ, ի՜նչ եմ տեսնում,—
Դու լալիս է՞լ ես։

ԱՇԽԵՆ։ (Փաթաթվելով նրա վզովը):

Օ՛, ոչինչ չկա, իմ ազնի՛վ հայրիկ.
Այս ուրախական արցունք է միայն—
Արտահայտություն այն անհուն սիրո,
Որ ես տածում եմ դեպի իմ միակ
Անգին եղբայրս։ Չէ՞ որ քո հայտնած
Ուրախ համբավը — անսպասելի
Նրա վերադարձը — իմ սիրտը սաստիկ
Երջանիկ դարձրեց։ Ես կին եմ, հայրիկ։
Դու ուշ մի՛ դարձնիր արցունքիս վերա։
Անսպասելի ուրախությունը
Թեթև վշտի հետ հավասարապես
Կնոջ աչքերից արցունք է քաղում։

ՍՏԵՓԱՆՈՍ։

Ապրիս, աղջիկս։ Իսկ ինձ թվաց, թե
Քո այդ արցունքը ուրախությանց
Չէ։ Որտեղ որ է Սուրենը կգա։
Չեմ ուզում, որ նա ինձ այսպես տեսնե։