Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/5

Այս էջը հաստատված է

ՄԱՀԸ

(վեպ)



ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

1

Բաթումիից երկաթուղու մարդատար գնացքը սլանում էր դեպի Թիֆլիս։ Թեև ամառը դեռ չէր վերջացել, բայց օդի մեջ արդեն զգալի էր վաղահաս աշնան ցուրտ շունչը, որ գուժկան էր 1890—91 թվականի խստաշունչ ձմռան։ Շոգեմեքենայի և վագոնների հանած միակերպ աղմուկն ուղևորների համար անլսելի էր կացուցանում փոթորկի ձայնը, որ կատաղորեն սուլում ու մռնչում էր դուրսը, Իմերեթի լեռնուտների վրա։ Նկատելի և հազիվ լսելի էր լինում միայն, թե ինչպես անձրևի խոշոր կաթիլներն ուժգնությամբ զարկվում էին վագոնների փակ լուսամուտների ապակիներին և թրջում։ Արտասվող ապակիների միջից ոչինչ չէր երևում դուրսը։ Միայն հաճախ, երբ գնացքն անցնում էր փորված տեղերով, հանկարծ երևում և արագորեն, կարծես պտտվելով, հակառակ կողմն էր վազում բարձր մնացած հողաթմբերի մուգ զանգվածը։

Երկրորդ կարգի վագոններից մեկում, երկայն նստարաններից մեկի վրա երեսն ի վեր պառկած էր մի երիտասարդ, ձմեռվա տաք վերարկուի մեջ կոլոլված։ Ամառվա սպիտակ գլխարկը ցած էր քաշել մինչև ականջները, այնպես որ հազիվ էին երևում նրա ոսկեպատ ակնոցի պարզ ապակիները, գլուխը հենել էր վագոնի պատն ի վեր ցից դրած ճանապարհորդական բարձին, ձեռները ներս էր կոխել վերարկուի թևերի մեջ և նիրհում էր վագոնի հետ օրորվելով։ Հանդեպի նստարանի վրա ոչ ոք չկար։ Մյուս նստարանների վրա նստած էին կենտ ու կունտ մարդիկ, որոնք ծուլաբար մի-մի խոսք էին փոխանակում իրար հետ, և նրանց ձայնը վագոնի միակերպ