Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/50

Այս էջը հաստատված է

ո՛չ մի մարդ, մանավանդ աղքատ մարդը, ինչքան էլ որ տգետ և նախապաշարված լիներ, երբեք չէր առնիլ իր մանր-մունր երեխաներին և չէր գնալ տասնյակ վերստեր այս ցրտերին բաց երկնքի տակ անցկացնելու խաչի տակ։ Վերջապես, դու ասա, Աշխեն. ճիշտ չե՞մ ասում։

— Ես լիովին համաձայն եմ քեզ հետ,— ասաց Աշխենը:

Եվան վեր թռավ տեղից։

— Բռա՜վո,— բացականչեց նա երեխայի պես ուրախացած և ծափ տվեց։— Հայրիկը հաղթվե՜ց, հայրիկը հաղթվե՜ց։

Մարությանը ծիծաղեց։

— Ի՜նչպես չէ, կարծում ես,— նկատեց նա։

— Ոչ թե կարծում եմ, այլ իսկապես այդպես է։ Հաղթվե՛ցիր, հաղթվեցի՛ր, հաղթվեցի՛ր,— հորը ջգրացնելով արագ-արագ վրա տվեց Եվան, աջ ձեռքը բռունցք կազմած՝ խփելով ձախ ձեռքի ափին։

— Դե, սպասիր, է՜։

— Ո՛չ, դու սպասիր, և լսիր ինչ է ասում Աշխենը։

— Թե վիճաբանում ես, դո՛ւ վիճաբանիր ինձ հետ, թե չէ՝ ի՞նչ ես Աշխենին մեջ գցում։

— Ի՜նչ, դու կարծում ես ես խուսափո՞ւմ եմ քեզ հետ վիճաբանելուց։ Սխալվում ես, պարո՛ն հայրիկ։ Բանը որ վիճաբանելուն գա, մինչև լույս կնստեմ և կվիճաբանեմ քեզ հետ այս խնդրի մասին։ Բայց ես դեռևս կարծիքներ եմ հավաքում։ Այժմ...

— Դե թող, որ ես էլ խոսեմ, է՜։

— Ոչ, հայրիկ ջան, սպասիր. այժմ Աշխենի հերթն է,— ասաց Եվան աղաչական տոնով և նորից նստեց Աշխենի մոտ։— Դու ուզում ես քո կարծիքը հայտնել չէ՞, քույրիկ ջան։

Աշխենը քնքուշ սիրով նայեց Եվայի չքնաղ աչքերին և կամաց ծիծաղեց։ Այնուհետև նա նորից ընդունեց իր սառած դեմքի խաղաղ արտահայտությունը և կարճ ժամանակ լուռ մնաց։

Ամենքը նայում էին նրա լուրջ դեմքին սպասողական դրությամբ: