Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/500

Այս էջը հաստատված է

Մեծ ուրախությամբ վզովս ես ընկել
Եվ անհուն սիրով սեղմել ես կուրծքիդ։
Քո հպարտությամբ բաբախող կուրծքդ.
Եվ քո զանազան անմեղ հարցերով,
Ջերմ համբույրներով ինձ րոպե անգամ
Հանգիստ չես տվել։— Իսկ ա՞յժմ, ա՞յժմ...
Ո՛չ, խոստովանիր, որ քո գլուխը
Չէ՛ ցավում երբեք։ Խոստովանիր, որ
Մի ուրիշ վիշտ է կրծում քո սիրտը,
Մի ուրիշ բան է տանջում քեզ այդպես։
Օ՜հ, եթե միայն դու գիտենայիր,
Թե իմ սրտիս մեջ ի՜նչ տեղ ես բռնում։
Եթե դու միայն, միայն գիտենայիր,
Թե ո՜րպես ես քեզ սիրում եմ, քույրիկ,
Թե եղբայրական այդ սիրո համար
Ի՜նչ անկարելի բաներ չեմ անիլ,—
Ապա դու այժմ իմ այս խոսքերին
Մի այն լռությամբ չես պատասխանիլ։

ԱՇԽԵՆ։


Հավատա՛, եղբայր,
Ես ոչինչ չունիմ պատասխանելու։

ՍՈՒՐԵՆ։


    Այդ պատասխանը
Չէ արդարացնում քո դրությունը։

ԱՇԽԵՆ։


Ինձ ի՞նչ կա, Սուրեն,—
Ես զարմանում եմ։

ՍՈՒՐԵՆ։


    Օ՜հ, այդպես միայն
Դու ձևացնում ես։— Ապա՛, եկ այստեղ.
Նայիր հայելում։— Նայի՛ր, լավ նայիր։—