Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/502

Այս էջը հաստատված է
ՍՏԵՓԱՆՈՍ։

    Ինչո՞ւ իզուր քեզ,
Սիրելի որդիս, հոգս պատճառեի։—
Պանդխտությունդ էլ քեզ բավական էր։
Հիվանդ էր, պրծավ։ Այժմ, փառք աստծո,
Բավական լավ է. միայն ասում է,
Որ այսօր գլուխը փոքր ինչ ցավում է։

ՍՈՒՐԵՆ։


Փոքր ինչ, ասում եք։ Եվ այդ փոքր ինչը
Նրան խանգարում է գեթ փոքր ինչ ժպտա՛լ։

ԱՇԽԵՆ։ (Ժպտում է):

Ա՜խ, Սուրե՜ն...

ՍՈՒՐԵՆ։ (Բուռն սիրով գրկելով նրան)

     Օ՜, քույրիկդ իմ—
Ահա՛, դարձյալ ճանաչեցի քեզ
Այդ հրեշտակային, քաղցր ժպտի մեջ,
Որը որպես մի պայծառ արևիկ՝
Կենդանություն տվեց քո մռայլ դեմքին։
Օ՜հ, մի անգամ էլ, մի անգամ քույրիկ։—
Հա՛, այդպես, հրեշտակ։ Մի՞թե եղբորդ
Անսահման սիրուն պիտի խնայես
Քո ժպիտները, քո ժպիտները,
Որոնց նա այնքա՛ն հաճախ սովոր էր
Տեսնել գեղանի քո դեմքի վերա,
Որոնց նա այնքա՛ն խանդով սիրում էր,
Որոնցով հրճվում, սքանչանում էր։—
Ժպիտը քաղցր է, որպես մեղրը,
Անուշ է, որպես նորաբաց ծաղիկ
Եվ պայծառ, որպես գարնանային արև։
Բայց կան ժպիտներ, որոնք ավելի
Դառն են, քան օձի սոսկալի թույնը,