— Հա՛,— ասաց Մարությանը, դառնալով Աշխենին,— հենց նոր, որ վերադառնում էինք տուն, պատահեցինք օրիորդ Սահակյանին։ Նա մեզ էլ ասաց այդ և այն էլ ասաց, որ Ռուզանի դերը քեզ են առաջարկել, բայց դու մերժել ես: Ինչո՞ւ։
Աշխենը ժպտալով նայեց հորեղբոր դեմքին, որին Մարությանը միշտ լուրջ արտահայտություն էր տալիս եղբոր աղջկա հետ խոսելիս։
— Ինքներդ ասացեք, հորեղբայր, ես կարո՞ղ եմ կատարել Ռուզանի դերը։
— Ի՞նչ է, ինչո՞ւ չես կարող։
— Է՛հ, թողեք։ Ի՞նչ իմ բանն է։
— Ընդհակառակը, օրիորդ. ես կարծում եմ, որ դուք շատ լավ կկատարեք Ռուզանի դերը,— մեջ մտավ Շահյանը, որպեսզի, վերջապես, մի բան էլ ինքն ասած լինի։
Աշխենը նայեց նրա ակնոցին։
— Ինչո՞ւ դուք այդպես եք կարծում։
Շահյանը շփոթվեց, շփոթվեց թե՛ նրա տարօրինակ համառ հայացքից և թե առաջարկված հարցի պատասխանը չունենալուց։
— Որովհետև... ինձ այդպես է թվում,— ասաց նա և զգաց, որ հիմարաբար ժպտում է։
Աշխենը ձեռքի հանդարտ շարժումով ետ քաշեց ճակատի վրա ընկած մազերը և ոչինչ չասաց։
Այդ լռությունից Շահյանն ավելի շփոթվեց և ձեռքը մեքենայաբար մեկնեց դեպի թեյի բաժակը։
— Եվա, ի՞նչ ես ասում,— նորից դիմեց նրան Աշխենը:— Կվերցնե՞ս Ռուզանի դերը։ Ես կարծում եմ, որ դու շատ լավ կարող ես կատարել այդ դերը։
«Ա՞յս ինչ է. ծաղրո՞ւմ է ինձ»,— մտածեց Շահյանը և նայեց Աշխենին։ Բայց Աշխենը, որ այդ րոպեին նայում էր Եվային, ըստ երևույթին, ամենևին չէր էլ մտածում նրա մասին։
— Ինչո՞ւ դու այդպես ես կարծում,— հարցրեց Եվան նույն եղանակով, ինչ եղանակով որ Աշխենը տվեց այդ հարցը Շահյանին: