Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/537

Այս էջը հաստատված է
ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ

Հյուրասենյակ Բաղիրյանի տանը հնամաշ կահավորանքով։ Դիմացը դուռ և երկու լուսամուտ, որոնք նայում են դեպի պատշգամբը։ Աջ կողմը մի դուռ, որ տանում է դեպ հարևան սենյակը։ Ձախ կողմը բազմոց ձեռակար բարձիկներով, երկու բազկաթոռ, կլոր սեղան, սեղանի վրա լամպ և կազմած մի գիրք։ Բազմոցի գլխին հայելի։ Հայելիներ նաև երկու հանդիպակաց պատերին սեղանակերպ պատվանդաններով, որոնց վրա դրված են երկ-երկու բրոնզյա շամադաններ։ Ուր հարկն է՝ աթոռներ։ Հատակին հնամաշ գորգ։ Երեկո։ Սեղանի լամպը վառված է։ Դիմացի դռնից մտնամ են Սիսակյանը և Մարգարյանը։ Սիսակյանի ձեռքին կա թղթի մեջ փաթաթված բոնբոնիեր։


ՏԵՍԻԼ I

ՍԻՍԱԿՅԱՆ.— Վերարկուդ հանիր և դիր այստեղ։ (Վերարկուները հանում են և գլխարկների հետ միասին դնում աթոռների վրա): Եկ նստիր այստեղ։ (Նստում են բազկաթոռների վրա):

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Լավ փեսացու և խաչեղբայր ենք եղել, ընդունում են անկոչ հյուրերի պես։ (Ծիծաղում է կամաց): Երևի չես հայտնել, որ պիտի գանք։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ինչպես չէ։ Առավոտյան այստեղ էի, ասացի, որ գալու ենք։ Այս վառած լամպը ցույց է տալիս, որ ձեզ սպասում են եղել։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Հիմա իմացա՞ն, որ եկել ենք։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Կենողի երեխան գնաց իմաց տալու։ (Որոնում է գրպանները): Ապարանջանն ի՞նչ արի... Հա՛։ (Վեր է