Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/538

Այս էջը հաստատված է

կենում, վերարկուի գրպանից հանում թղթի մեջ փաթաթած ապարանջանի տուփը, դնում անդրավարտիքի գրպանը և նորից նստում):

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Որ վերցրել է գիրքը և թերթում է): Այս նա՞ է կարդում։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այդ ի՞նչ գիրք է։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ժյուլ Սիմոն «Работница в Европе»:

ՍԻՍԱԿՅԱՆ.— Երևի։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ի՞նչ ես կարծում, այս գիրքը մոռացմամբ է մնացել, թե դիտմամբ է դրել այստեղ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ինչո՞ւ պետք է դիտմամբ դներ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Որպեսզի ցույց տա, թե՝ տեսե՛ք ինչպիսի գրքեր եմ կարդում, ռոմաններ չեմ կարդում։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Չգիտեմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Գիրքը դնում է տեղը): Ես մի բան մոռացա քեզ հարցնեմ. քանի՞ տարեկան կլինի։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Մեծ է, կարծեմ, բավական մեծ է երևում արտաքինով։ Եթե քսանհինգ չլինի, քսաներկու տարեկան անպատճառ կլինի։ Պինդ-պինդ որ նայում է, ավելի մեծ է երևում։ Բայց գիտե՞ս, նա որ այդպես պինդ-պինդ նայում է ինձ, ես չեմ նայում նրան։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ինչո՞ւ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Չեմ կարողանում։ Նրա նայվածքի մեջ մի բան կա, որ ակամա ճնշում է։ Ես առհասարակ նրան նայում եմ այն ժամանակ, երբ նա ինձ չի նայում։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Լսիր, Գարեգին։ Եկ ուղղակի խոստովանիր, որ թեև նշանվել ես և երեկ գիշեր էլ մեծ հիացմունքով էիր խոսում նրա մասին, բայց վախենում ես նրանից։ Չէ՞։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Շփոթվելով): Ի՞նչպես թե վախենում...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Վախենում, էլի՛, ուղղակի վախենում։ Եվ այդ է պատճառը, որ նրա պինդ-պինդ նայելիս չես կարողանում նայել նրան։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո՛, մի տեսակ ճնշվում եմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Եվ դարձյալ դրա համար է, որ նա ավելի մեծ է երևում քեզ, մանավանդ պինդ-պինդ նայելիս։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո։