Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/539

Այս էջը հաստատված է

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Եվ այդ ժամանակ դու էլ փոքր ես երևում քո աչքին։ Այդպես չէ՞։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ճիշտ է։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ուրեմն դու զգում ես, որ նա բարոյապես մեծ է, այսինքն բարձր է քեզնից։ Չէ՞։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ի՞նչպես թե բարոյապես։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այսինքն յուր ներքին ուժով — կամքով, բնավորությամբ, խելքով։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Երեկ խո ինքս ասացի քեզ, որ նա շատ խելոք աղջիկ է։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այսինքն զգում ես, որ խելոք աղջիկ է, որովհետև չէ՞ որ նրա խելքը դեռ չես չափել։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո, զգում եմ։ Նա շարունակ լռում է ինձ մոտ։ Երեկ էլ, այս առավոտ էլ գրեթե չի խոսել ինձ հետ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Հանկարծ նոր միտք է հղանում): Բա... Մեր տղա, կարող է հակառակը լինել։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այսի՞նքն։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Կարող է նա տգետ ու հիմարի մեկը լինել, ինչպես սովորաբար մեր մարդու տալու չխոսկան աղջիկներն են լինում։ Դու խո գիտես, որ չեն խոսում կամ շատ խելոքությունից, կամ շատ հիմարությունից։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ոչ, սխալվում ես. լռողները միշտ խելոք են լինում։ Մինչև անգամ այն հիմարը, որ լռում է, խելոք է, կնշանակի՝ նա այնքան խելք ունի, որ հասկանում է, թե ինքը հիմար է և, լռելով, չի ուզում ցույց տալ, որ հիմար է։ Այո, չխոսողը միշտ խելոք է։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Ծիծաղելով): Ուրեմն, քո լոգիկայով, ես ու դու, որ խոսում ենք, հիմար ենք, և անասունները, որ չեն խոսում, խելոք են մարդկանցից։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Անշո՜ւշտ։ Իհարկե, անասունները խելոք են մարդկանցից։ Թվիր մարդկային ո՛ր հիմարությունն ուզում ես և տես՝ անասունները գործո՞ւմ են այդ հիմարություններից գեթ մեկը։ Շատերից մի պարզ օրինակ։ Ծխախոտ ծխելը հիմարություն է, չէ՞։ Դե ասա տեսնեմ՝ ո՞ր անասունն է ծխախոտ ծխում։ Մի ուրիշ օրինակ։ Ահա՛, երեք հարյուր ռուբլի փող եմ տվել և ապարանջան եմ բերել հարսնացուիս