Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/54

Այս էջը հաստատված է

Շահյանը հայացքն Աշխենի դեմքից փոխադրեց Եվայի դեմքին։ «Սա է՞լ է ինձ ծաղրում, թե՞... պաշտպանում է ինձ»,— մտածեց նա։

— Որովհետև քո մեջ կա հանկարծ բռնկվող այն կրակը, որ հարկավոր է Ռուզանի դերը կատարողին,— պատասխանեց Աշխենը։

— Խնդրեմ։ Իմ մեջ ո՛չ մի կրակ չկա։

— Թո՛ղ, ի սեր աստծո,— նկատեց Թեկլեն։— Հիմա բեմ դուրս գալն է պակաս։

— Վերջապես, ի՞նչ դրա բանն է դրամատիկ դերեր կատարելը,— նորից սկսեց ջգրացնել աղջկան Մարությանը։— Ես այդ օրիորդ Սահակյանին էլ ասացի. նա ախր, դրան էլ առաջարկեց Ռուզանի դերը։ Դրան ասա սուբրետի թեթև դերեր կատարի։

— Հայրիկ, ասացի, որ քեզ հետ չեմ խոսում։

— Լավ, քեզ հետ ո՞վ է խոսում։

— Դո՛ւ, հենց այս րոպեիս — չե՞ս խոսում։ Ա՛յ, պարոն Շահյանի, մայրիկի, Աշխենի հետ կխոսեմ, քեզ հետ չեմ խոսիլ:

— Լավ. ես լռում եմ. տեսնենք ինչ ես խոսում։

Եվան աթոռը մոտ քաշեց։

— Պարոն Շահյան, Աշխենն ասաց, որ ես Ռուզանի դերը կարող եմ շատ լավ կատարել, որովհետև իմ մեջ հանկարծ բռնկվող ինչ-որ կրակ կա եղել. մայրիկն ասաց, որ ինձ բեմ դուրս գալն է պակաս, իսկ հայրիկն ասաց, որ Ռուզանի պես դրամատիկ դեր կատարելն իմ բանը չէ և որ ես շատ-շատ կարող եմ կատարել սուբրետի թեթև դերեր։ Դո՞ւք ինչ եք կարծում, պարոն Շահյան, իմ ընդունակությունների մասին։

— Ես կարծում եմ, որ դուք.. հիանալի կլինիք Ռուզանի դերում։

Եվան հանգստությամբ վեր կացավ տեղից և մի քանի քայլ հեռացավ։

Շահյանը սարսափեց։ «Չլինի՞ թե հիմար բան ասացի»,— մտածեց նա։

— Փորձենք,— ասաց Եվան։— Ես այս րոպեիս կներկայացնեմ այն տեսարանը, ուր Ռուզանը հոր երկիրը փրկելու