Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/551

Այս էջը հաստատված է

ԲԱՂԻՐՅԱՆ.— Բան չկա։ Եկ նստիր։ (Հանկարծ): Սպասիր... (կասկածանքով նայում է նրա աչքերին)։ Չլինի՞ թե վիրավորվեց, որ...

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Արագ, եռանդով): Չէ՛, ի՞նչ եք ասում, չէ...

ԲԱՂԻՐՅԱՆ.— (Զարմացած): Ի՞նչ չէ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Որ ընկերս իբր թե վիրավորվեց, որ Սառան...

ԲԱՂԻՐՅԱՆ.— (Ավելի զարմանալով): Ի՞նչ Սառան։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Որ Սառան... վարվել չգիտե... չարահոգի է... (բոլորովին շփոթվում է):

ԲԱՂԻՐՅԱՆ.— Ա՜, ուրեմն... Ա՛յ, տեսնո՞ւմ ես, սիրելիս, դու քո միամտությամբ մատնեցիր թե քեզ և թե՛ բարեկամիդ... (Ծանր և լուրջ): Գիտե՞ս ինչ կա, բարեկամ։ Ես շիտակ և ազնիվ մարդ եմ և սիրում եմ ամենքի հետ վարվել շիտակ և ազնիվ կերպով։ Իմ աղջիկս ահա այս է, որ տեսնում ես։ Նրա բոլոր պակասություններն էլ ես ինքս հայտնեցի քեզ։ Հիմա քո բարեկամը կարծում է, թե նա չարահոգի աղջիկ է։ Է՜հ, թող կարծի այսպես։ Բայց ես քեզ կասեմ, որ այդ այդպես չէ։ Երեկ էլ ասացի, այսօր էլ ասում եմ. նա ինքնուրույն աղջիկ է։ Նա ուրիշների պես չի կեղծում, չի խարդախում յուր բնավորությունն ուրիշների առաջ, այլ պարզ կերպով, անկեղծորեն ցույց է տալիս այն, ինչ որ է։ Հավանում ես — առ, չես հավանում, դեռ ևս ուշ չէ, կարող ես նշանդ ետ առնել, և դու քեզ համար, մենք մեզ համար։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Լացակումած:) Պարոն Հակոբ, դուք ինձ վիրավորում եք... Մի՞թե ես ձեզ բան ասացի...

ԲԱՂԻՐՅԱՆ.— Դե լավ. որ այդպես է, նստիր։ Այլևս չխոսենք այս մասին։ (Նստում է: Միջոց): Ես այնտեղ երկար խոսեցի Սառայի հետ: Երևակայիր, ներողություն խնդրեց։ Թեպետ ինքն ասում է, որ երեխա չէ, բայց իսկապես երեխայի բնավորություն ունի, և դրա համար է, որ ես սաստիկ սիրում եմ նրան։ Բանից երևաց, որ նրան նեղացրել են։ Դու չէ, ուրիշները... խիստ զգայուն աղջիկ է. մի փոքրիկ, մի աննշան բանից անգամ վառոդի պես պայթում է։ Նրա հետ վարվելու կերպը ոչ ոք չի իմանում, բացի ինձանից։ Նեղացած ժամանակ ինչքան էլ որ կոպիտ կերպով է վարվում ինձ հետ,