Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/56

Այս էջը հաստատված է

— Լավ. ես քեզ ձայնի իրավունք եմ տալիս, հայրիկ, իմ ձայնը միացնում եմ Շահյանի և Աշխենի ձայնի հետ։ Ուրեմն, պարոն Շահյանը, Աշխենը և ես,— երեք հոգի,— ցանկանում ենք, որ ես արտասանեմ Ռուզանի մենախոսությունր. իսկ դու և մայրիկը,— երկու հոգի,— չեք ցանկանում։ Եվ որովհետև երեքը շատ է երկուսից, հետևաբար ես կարտասանեմ Ռուզանի մենախոսությունը։

— Երբ որ այդպես է, ես ձայն չեմ ուզում։

— Իսկ երբ որ այդպես է, հայրիկ, ձայնս միացնում եմ մայրիկի ձայնի հետ, այսինքն ուզում եմ պահպանել status-quo-ն, ինչպես որ գրում են լրագրերի քաղաքական բաժնում, և զրկում եմ քեզ ինձ Ռուզանի դերում տեսնելու հաճույքից:

Եվ Եվան կոմիկական հանգստությամբ նստեց մոր կողքին։

Սենյակում ընդհանուր քրքիջ բարձրացավ։

8

Առաջին այցելությունից հետո Շահյանն այլևս չէր ուզում Մարությանների տուն գնալ։ Նա շատ լավ ճանաչում էր իրեն. գիտեր, որ Մարությանների պես մի ընտանիքի հաճախ այցելելու համար հարկավոր էր քիչ թե շատ հետաքրքրելու կամ գոնե լոկ խոսելու շնորհք ունենալ։ Ոչ այս ուներ, ոչ այն։ Իսկ նորահարսի պես լուռ նստելը թե ձանձրալի էր, թե անհամ։ Թեպետ նա տարակույս չուներ, որ Մարությանները միշտ սիրով պիտի ընդունեն իրեն, հենց թեկուզ իրենց շատախոսությանը հագուրդ տալու համար միայն, բայց ինքը՝ Շահյանը, խո նույնը պիտի մնար, ինչ որ կար — վարվելու ընդունակությունից զուրկ, խոսելու պաշար չունեցող, անդադար երկմտող, կասկածոտ ու վախկոտ անձնասեր։ Ոչ, ավելի լավ էր հեոու մնալ. այդ ամենալավ միջոցն էր հոգու անդորրության համար։

Բայց Եվայի պլատկերը խորապես տպավորվել էր նրա հոգու մեջ։ Թեև այդ աղջկա ազատ վարվեցողությունը, սեփական խելքով դատելու ընդունակությունը մի կողմից մտավախություն էր պատճառում նրան, բայց մյուս կողմից