Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/560

Այս էջը հաստատված է

ՍԱՌԱ.— Գնանք այս կողմը: Ես չեմ ուզում նրան տեսնել... (դիմում են դեպի աջ): Ոչ, դու կաց այստեղ: Նա մեզ տեսավ: Որ հետո գաս, կգաս մեր ետևից, իսկ ես որ տեսնեմ, կվիրավորեմ... Կսպասեմ քեզ հայրիկի մոտ:

Շտապով հեռանում է աջ կողմը: Ձախ կողմից գալիս է Մարգարյանը: Սիսակյանն ընդունում է նրան ներքին դժկամությամբ:

ՏԵՍԻԼ II

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այն Սառան չէ՞ր մոտդ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Սառն): Այո։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ո՞ւր գնաց։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Քեզ որ տեսավ, փախավ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Փախա՞վ... ինչո՞ւ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Քո այն լավ վարմունքի համար, որ իրիկունը ցույց տվիր նրանց տանը։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ո՞վ գիտե...

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո՛, հենց այս րոպեիս ասացի նրան, թե ինչու իրիկունը չմնացիր և փախար։ Հարցրեց և ասացի։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ի՞նչ ասացիր։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ինչ որ ճշմարիտ էր։ Ասացի, որ դու նրան կոպիտ, կամակոր, աննորմալ, չարահոգի աղջիկ ես համարում։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.- Վա՛...

ՍԻՍԱԿՅԱՆ.— Եվ ինձ էլ խորհուրդ էիր տալիս, որ թողնեմ իրեն։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ճի՞շտ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո՛։ Բոլորը պարզ կերպով ասացի, բոլորը։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Վա՛յ, քո տունը չքանդվի... Տո՛, ընկերաբար ես բան կարող եմ ասել քեզ, պետք է վեր կենաս և ամեն բան հայտնե՞ս նրան։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ի՞նչ անեմ, ասաց սուտ չասես, ես էլ ճշմարտությունն ասացի։ Սուտ խոսել չեմ էլ կարող։ Իրիկունն, օրինակ, ուզեցի սուտ խոսեմ և խայտառակվեցի։ Երբ որ աներս ներս մտավ և հարցրեց քո մասին, ասացի, որ ձեռաց