Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/561

Այս էջը հաստատված է

գնացել ես մի տեղ և շուտով ետ կգաս, բայց նա տեսավ, որ սուտ եմ խոսում, և այնպիսի թափանցող հայացքով նայեց աչքերիս, որ քիչ մնաց ամոթից գետինը մտնեի։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Եվ, իհարկե հայտնեցիր, թե ես ինչ գաղափար եմ կազմել իր աղջկա մասին։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Եվ իրեն էլ ծեր աղվես եմ անվանել։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Չէ, այդ չասացի, բայց որ ասեի, հախդ կլիներ, որովհետև իսկապես ի՞նչ տեսար, որ վեր կացար ու փախար և ինձ էլ ու քեզ էլ խայտառակեցիր։ Դու միայն իրիկունը տեսար Սառային, երբ որ նա վատ տրամադրության մեջ էր. բայց հիմա որ տեսնեիր... ա՛յ, այստեղ, այս նստարանի վրա... ուղղակի չէիր հավատալ աչքերիդ, թե սա այն աղջիկն է։ Թույլ տվեց, որ հետը դու-ով խոսեմ։ Ինքն էլ ինձ հետ սկսել է դու-ով խոսել, գիտե՞ս թե չէ։ Հետո... ձեռքերը համբուրեցի... ա՛յո, ձեռքերը... ա՛յ, այսպես... ա՛յ, այսպես... (Ջերմորեն համբուրում է ինքն իր ձեռքերը: Հետո հանկարծ): Ցտեսություն, ես գնում եմ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Սպասիր, հիմար, ո՞ւր ես վազում։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Նրա մոտ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Բան եմ ասում։ (Սիսակյանը կանգ է առնում): Երեկոյան կգա՞ս ինձ մոտ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Չգիտեմ... (Նորից վազում է, բայց հանկարծ ետ է դառնում): Գիտե՞ս, մեզ չմոտենաս, ասաց, որ տեսնեմ, կվիրավորեմ... (Հեռանում է աջ կողմից):

Մարգարյանը մնում է ետևից նայելիս, հետո մտախոհ նստում է նստարանի վրա։ Ձախ կողմից գալիս է Թուսյանը ծխելով։


ՏԵՍԻԼ III

ԹՈՒՍՅԱՆ.— Վա՛, Մարգարյա՞ն... իսկույն երևում է, որ բանաստեղծ ես։ Հրաշալի անկյուն ես ընտրել առանձնանալու և կիրակնօրյա հանգստությունը վայելելու։ Այս գորտերի կռկռոցը հազար բլբուլի կլկլոց արժե։ (Ծիծաղում է): Բարի օր քեզ։