Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/573

Այս էջը հաստատված է

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո, կինս... ես ոչինչ չգիտեի... ոչինչ չիմացա... ինքն ասաց...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այդ ե՞րբ էր, ամուսնությունից առա՞ջ, թե հետո։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Հետո... երեկ... երեկ, չգիտեմ որտեղ, հանդիպել էր այդ պարոնին և ասաց, որ քեզ մոտ է իջած... Ասաց, որ այդ գաղտնիքն ինձ հայտնեց նրա՛ համար, որ վրեժխնդիր լինեմ... սպանեմ... սպանե՜մ... Ընդունենք, թե սպանեցի... ընդունենք, թե կարողացա սպանել... հետո՞... խո ես կորա... խո ինքն էլ կորավ ինձ հետ... Բայց չէ՞ որ ես պաշտում եմ նրան... չէ որ ես չեմ կարող դիմանալ առանց նրան թեկուզ մի օր, մի ժամ, մի վայրկյան... Եթե բանն իմ պատվասիրությանն է վերաբերում, ես չեմ ուզում... ես այդ մասին չեմ մտածում, չեմ էլ ուզում մտածել... Ինչ պատահել է անցյալում— պատահել... մի՞թե չի կարելի մոռանալ... խո մոռացված է եղել մինչև այժմ... էլ ի՞նչ է ուզում... ես էլ խո ոչինչ չեմ պահանջում... ես նրան այնպես էլ կսիրեմ, կպաշտեմ, ինչպես որ կա... բայց երեկվանից դես նա ինձ հանգիստ չի տալիս, դուրս է անում ինձ, երեսս չի ուզում տեսնել, մինչև որ չսպանեմ... Անցածի հիշատակը վերանորոգվել է նրա մեջ այնպիսի մի կատաղի ուժով, որ նա մարմնացած մի վրեժխնդրություն է դարձել... Երեկ որ տուն եկավ, սարսափեցի, որ նայեցի աչքերին։ Ներս մտնելուն պես նստեց բազմոցի վրա և հրամայեց, որ չոքեմ յուր առաջ։ Ու, երբ կատարեցի նրա հրամանը, ասաց,— հիշո՞ւմ ես, որ այն կիրակի, երբ զբոսանքի էինք գնացել այգի, դու ասացիր, թե մարդիկ վնասակար են, իսկ բզեզը՝ ոչ... այն կարմիր բզեզը, որին խղճացիր սպանել։ Հիշո՞ւմ ես,— ասաց,— որ ասացիր, թե դու ավելի շուտ մարդ կսպանես, քան թե բզեզ»։ Ասացի, որ հիշում եմ։ «Հետո հիշո՞ւմ ես,— ասաց, այն մարդուն, որ անցուդարձ էր անում մեր առաջով և լիրբ հայացքներ էր ձգում ինձ վրա։ Հիշո՞ւմ ես,— ասաց,— որ երբ ես հարցրի, թե չես սպանիլ այդ մարդուն, եթե հանկարծ մոտենա և համբուրի ինձ, դու բացականչեցիր. «Օ՜, ես կխեղդեմ նրան»։ Ասացի, որ այդ էլ եմ հիշում։ «Դե՛հ, այժմ իմացիր ասաց,— որ ես գտել եմ այն մարդուն, որը ո՛չ թե միայն համբուրել է ինձ,