Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/574

Այս էջը հաստատված է

այլև զավակ է ունեցել ինձնից, և այդ զավակն ես իմ ձեռքով խեղդել, սպանել եմ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Զարհուրած): Այդպիսի բան է՞լ կա...

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Շարունակելով): Որովհետև չիմացա ինչ ասեմ, այդ պատճառով ձեռքերն այնպիսի ուժով դրեց ուսերիս, որ քիչ մնաց վայր ընկնեմ մեջքիս վրա։ «Ապո՛ւշ,— բղավեց.— չլսեցի՞ր ինչ ասացի... ինչո՞ւ չես կատաղում, ինչո՞ւ չես վեր թռչում և չես աղաղակում.— ասա՛, ո՞վ է այդ մարդը, որ գնամ սպանեմ»։ Որովհետև ես դեռ վերին աստիճանի ապշած էի, ձայն չէի հանում, այդ պատճառով հանկարծ, ոտով պինդ խփեց կրծքիս, ընկավ բազմոցի վրա և սկսեց սաստիկ հեծկլտալ։ Այնքան օտարոտի էր նրա հեծկլտանքի ձայնը, որ սկզբում կարծեցի թե ծիծաղում է... բայց երբ վերկացա և մոտեցա, տեսա որ իսկապես լաց է լինում։ Հետո երբ կամեցա մխիթարել, ոտները գիժ-գիժ շարժեց, ուզում էր դարձյալ խփել և աղաղակեց՝ «Կորի՛ր, ես քեզ չեմ սիրում, ես քեզ ատում եմ, դու տղամարդ չես, դու փալաս ես...»։ Երեկ գիշեր տվեց ինձ այս ատրճանակը և ասաց, որ գամ սպանեմ։ Ես էլ դուրս եկա, ման եկա ապուշի պես, ման եկա և տուն գնացի։ Ես դեռ լավ չէի հասկանում, թե ինչ էր ուզում ինձնից։ Մարդ սպանել... ինչո՞ւ համար... Մի՞թե ճիշտ էր նրա պատմածը... Չէի հավատում, որովհետև այդ անկարելի բան էր... Ես պարզապես կարծում էի, թե խելագարվել է... Երբ տուն գնացի, ասաց՝ «Սպանեցի՞ր»։ Խաբեցի, ասացի տանը չէր։ Չհավատաց և այնպես կատաղեց, որ չեմ կարող ասել... Այս գիշեր, տեսնում ես, էլի ղրկել է և ասաց՝ «Իմացի՛ր, եթե այս անգամ սպանած չես եղել, ես ինքս կգամ կսպանեմ և ապա այլևս չես տեսնիլ ինձ հավիտյան...» Այժմ, ասա՛, ի՞նչ անեմ։ Նա այնպիսի դրության մեջ է, որ յուր սպառնալիքը կկատարի, անպատճառ կկատարի... (Լաց է լինում նորից):

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Ման է գալիս խիստ մտահոգ): Հապա ես որ քեզ ասում եմ ձեռք վերցրու այդ աղջկանից, դժբախտ կլինես...

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ո՛չ, ես դժբախտ չէի, ինձնից ավելի երջանիկ մարդ չկար աշխարհիս... և այս րոպեին էլ ես չափազանց երջանիկ կլինեմ, եթե կամենա, եթե նա մոռանա