Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/578

Այս էջը հաստատված է

շնորհիվ՝ լքված, անարգված. այժմ երբ բախտի դուռը բացվել է նրա առաջ, բարոյական ի՞նչ իրավունքով և ինչ խղճով այդ դուռը նորից պիտի փակեի նրա առաջ։ Բայց եթե ես իմանայի, որ նա ինքը պետք է աքացի տա յուր բախտին, այն ժամանակ մի րոպե անգամ չէի տատանվիլ ազատելու ընկերոջս դժբախտությունից։

ԹՈՒՍՅԱՆ.— Ի՞նչ ես ուզում դրանով ասել։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այն եմ ուզում ասել, որ յուր անցյալը հայտնել է ամուսնուն ինքը՝ Սառան։

ԹՈՒՍՅԱՆ.— (Հանկարծ, եռանդով): Այդ անկարելի է։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ոչ թե անկարելի, այդ իսկապես այդպես է։ Այլապես, եթե Սառայի անցյալը ե՛ս հայտնած լինեի ընկերոջս, այժմ ամուսնացած չէր լինի և համենայն դեպս ավելի քիչ դժբախտ կլիներ։

ԹՈՒՍՅԱՆ.— Այնուամենայնիվ պնդում եմ, որ այդ անկարելի է, որովհետև... Այդ ես չէի ուզում ասել քեզ, բայց այժմ ասում եմ։ Երեկ ես հանդիպեցի Սառային։ Հակառակ սպասածիս, ինձ ընդունեց առանց որևէ թշնամության և նույնիսկ երբ ես զանազան ակնարկներով հասկացրի նրան, թե չի՞ կարելի արդյոք նորոգել մեր նախկին հարաբերությունները...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Ծայրահեղ զարմանքով): Դու այդ բանն առաջարկե՞լ ես նրան... նույնիսկ ա՞յժմ, երբ նա մի քանի օրվա նորահարս է, և գիտես որ իմ ամենամոտ ընկերոջս կինն է...

ԹՈՒՍՅԱՆ.— Լսիր, է՛։ Երբ ես այդ բանը հասկացրի նրան, նա ոչինչ չասաց, լռեց երկար ժամանակ և միայն շրթունքներն էր կրծոտում, երևի անվճռականությունից։ Հետո հանկարծ հարցրեց, թե որտեղ եմ իջած և պատասխանն ստանալուց հետո, թողեց հեռացավ։ Այսքանը միայն ասաց՝ «Կտեսնվենք»... Այս բոլորից ես այն համոզման եկա, որ նա անհամաձայն չէ առաջարկիս։ Հիմա այս բանից հետո, ի՞նչպես նա կարող է ամուսնուն հայտնել յուր անցյալը։ Եվ վերջապես, այդպիսի անցյալ ունեցող այն ո՞ր աղջիկն է, որ ամուսնանալուց հետո ամեն բան հայտնում է ամուսնուն։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Սառայի բնավորության տարօրինականությունն էլ հենց այդ է, բարեկամ։ Ես սկզբում այդպես էի կարծում, բայց այժմ տեսնում եմ, որ չարաչար սխալվել եմ։